Բիլ Գեյթսը վստահ է, որ միգրանտները կարող են օգուտ բերել եվրոպական հասարակությանը

Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսն այն կարծիքին է, որ Եվրոպա ժամանող միգրանտները կարող են օգուտ բերել հասարակությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 25-ին հայտնել է Europe1 ֆրանսիական ռադիոկայանը, որի հյուրն էր ամերիկացի միլիարդատերը:

«Միգրանտները կարող են առավելություն լինել,– Գեյթսի խոսքը մեջբերում է ռադիոկայանը:- Նրանք կարող են ինտեգրվել Եվրոպայում»: «Նրանցից շատերը տաղանդ, ընդունակություններ ունեն: Եթե նրանց լավ հնարավորություններ տրամադրվեն, այդ միգրանտները կարող են օգուտ բերել հասարակությանը»,-ընդգծել է նա:

Հոկտեմբերի 24-ին համագործակցության համաձայնագիր է ստորագրվել Ֆրանսիայի զարգացման գործակալության եւ Բիլ ու Մելինդա Գեյթսերի բարեգործական հիմնադրամի միջեւ:

Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) տվյալների համաձայն, հոկտեմբերի 16-ի դրությամբ Եվրոպա է ժամանել 318 հազար 816 մարդ: Միգրանտների ու փախստականների հիմնական հոսքն ընդունել են Հունաստանը (168 հազար 689 մարդ) եւ Իտալիան (145 հազար 128 մարդ):

Այս տարվա մարտին Բիլ Գեյթսը՝ 75 մլրդ դոլար կարողությամբ, հերթական անգամ Forbes հանդեսի կողմից ճանաչվել է աշխարհի ամենահարուստ մարդը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում