Թուրքիայի արդարադատության նախարարը Գյուլենին համեմատել է Ուսամա բեն Լադենի հետ

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, ով մեկնում է Միացյալ Նահանգներ չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին հետ վերադարձնելու պահանջով, օդանավակայանում պատասխանել է լրագրողների հարցերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական T24-ը:

«Մենք կգտնենք հնարավորություն Թուրքիայի մտահոգություններն ԱՄՆ ամենաբարձր պաշտոնյային հասցնելու համար: Մենք կքննարկենք այն, թե որ կետին ենք այսօր հասել, հետ վերադարձի մասին պայմանագրի կետերը մեկ անգամ ևս աչքի կանցկացնենք: Մենք ցանկանում ենք, որ ԱՄՆ և Թուրքիայի միջև հարաբերությունները մի ահաբեկչի պատճառով չտուժեն»,- նշել է Բոզդաղը:

Նա հիշեցրել է, որ ավելի վաղ թուրքական կողմն ԱՄՆ-ին է հանձնել 4 առանձին թղթածրար, որոնցով հիմնավորվում էր Գյուլենի վերադարձը Թուրքիա: «Թուրքիայի համար Ֆեթուլլահ Գյուլենը նույնն է, ինչ ԱՄՆ համար Ուսամա բեն Լադենը»,- հերթական անգամ ասել է արդարադատության նախարարը:

Բոզդաղը անհասկանալի է համարել ԱՄՆ կողմից Գյուլենին թուրքական կողմին չհանձնելու պատճառը: «Թուրքիայում այսքան հանցագործությունների մեջ խառնված անձը շարունակում է ապրել ԱՄՆ-ում և այնտեղից հանձնարարականներ տալ խմբավորմանը: ԱՄՆ-ում Գյուլենի բնակվելու փաստը բացասաբար է ազդում Միացյալ Նահանգների մասին թուրք ժողովրդի հայացքների վրա»,– ասել է Բոզդաղը:

Չափավոր իսլամի քարոզիչ, «Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը որպես վտարանդի 1999 թվականից բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: Թուրքիայի իշխանությունները նրան են մեղադրում երկրում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ և պահանջում ԱՄՆ իշխանություններից՝ արտահանձնել Գյուլենին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում