Կիրո Մանոյանը փոքր է համարում ԼՂ-ում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորություն չի տեսնում: Այս մասին նա ասաց հոկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը: Մանոյանի խոսքով` ներկայում բանակցող կողմերը քննարկում են հրադադարի ռեժիմի պահպանման ու ամրապնդման հարցը, հետևաբար՝ տեղաշարժի մասին խոսելն ավելորդ է:

«Նույնիսկ եթե Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները դեկտեմբերին հանդիպեն, նրանց հազիվ թե հաջողվի մինչև տարեվերջ համաձայնեցնել պետությունների ղեկավարների հանդիպումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց նա: Նախագահների հաջորդ հանդիպման նախաձեռնողը կլինի երրորդ կողմը՝ Ֆրանսիան, քանի որ բազմիցս հայտարարել են այն կազմակերպելու պատրաստակամության մասին:

Կիրո Մանոյանը գտնում է նաև, որ ԼՂ-ում լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը մեծ չէ: Բաքուն, սակ այն, կշարունակի շփման գծում սադրանքները: «Հայկական կողմն արդեն հայտարարել է, որ չի հանդուրժի սադրանքները և համարժեք պատասխան կտա: Դա կարող է հանգեցնել լարվածության աճի, բայց ոչ պատերազմի»,- նշեց նա:

ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ կքննարկեն երկու երկրների նախագահների հանդիպումն առաջիկայում կազմակերպելու հնարավորությունը: Քննարկումը կկայանա դեկտեմբերին Համբուրգում` ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ժամանակ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում