Ապրիլյան պատերազմից տուժած համայնքների վերականգնման աշխատանքներն ավարտման փուլում են

Ապրիլյան քառօրյա պատերազմից և դրան հաջորդած ռազմական գործողություններից տուժած համայնքների վերականգնման աշխատանքներն ավարտման փուլում են: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի քաղաքաշինության նախարարության մամուլի քարտուղար Հունան Թադևոսյանը:

«Ապրիլյան ռազմական գործողություններից վնասվել էին Մարտակերտ քաղաքը, Թալիշը, Մատաղիսը, Մարտունու շրջանի Ներքին Ճարտար գյուղը: Զինադադարից անմիջապես հետո իրականացվել են չափագրման, գույքագրման աշխատանքներ: Մարտակերտում հաշվառվել էր վնասված 38 տուն, որից 28-ը վերականգնվել է: Մնացածի վերականգնման աշխատանքներն ընթացքի մեջ են: Այլ համայնքներում, որտեղ հիմնականում տների ապակիներն են կոտրվել, տրամադրվել են անհրժեշտ քանակության ապակիներ և դրանց տեղադրման աշխատանքները մի մասում ավարտվել են, մի մասում էլ ընթացքի մեջ են»,- ասաց Հունան Թադևոսյանը:

Մատաղիսում վնասվել էին տներ և տեղի դպրոցը: Հիմնականում կոտրվել էին ապակիները և վնասվել էր տանիքը: Հունան Թադևոսյանի տեղեկացմամբ, պետության կողմից բնակիչներին տրամադրվել է անհրաժեշտ քանակությամբ թիթեղ և ապակի: Մատաղիսում վնասված տների վերականգնման աշխատանքները հիմնականում ավարտված են: Ինչ վերաբերում է դպրոցին, ապա այդտեղ աշխատաքներն ամբողջությամբ ավարտված են, դասընթացները բնականոն հունով ընթանում են: Մարտունու շրջանի Ներքին Ճարտար գյուղի դպրոցը ևս ամբողջությամբ վերականգնված է: Հունան Թադևոսյանը նկատեց, որ ռազմավարական նշանակության ենթակառուցվածքներից վնասված է եղել գազատարը, որը, կրակի դադարեցումից հետո շատ արագ վերականգնվել է: Նա հիշեցրեց Արցախի վարչապետի այն խոսքը, ըստ որոնց, հրետակոծումների հետքն ամբողջությամբ պետք է վերացվի:

«Ինչ վերաբերում է Թալիշին, ապա այնտեղ միայն էներգամատակարարման վերականգնման աշխատանքներ են իրականացվել: Թալիշն առայժմ հակառակորդի նշանառության տակ է, հետևաբար այնտեղ դեռ վերականգնաման աշխատանքներ չեն կատարվել: Թալիշի բնակֆոնդի 30 տոկոսը վնասված է»,- հավելեց նա: Շինարարության, համայնքներում վերականգնման աշխատաքներն իրականացվել են Արցախի կառավարության, ՀՀ քաղաքաշինության նախարարության, Շինարարների միության աջակցությամբ:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսեց լայնածավալ հարձակողական գործողություններ՝ այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Կողմերն ունեցան զոհեր, վիրավորներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում