Ստանիսլավսկու թատրոնի տնօրենը մանրամասներ է ներկայացրել աշխատակցի մահվան վերաբերյալ

Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի աշխատակցի մահվան պատճառը պարզելու համար ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարվում է քննություն` 1951թ. ծնված Ա.Մուշեղյանի մահվան հանգամանքները պարզելու համար: Նախնական տվյալներով` 2016թ. հոկտեմբերի 26-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբովյան 7 հասցեում գործող Ստանիսլավսկու անվան թատրոնում սայթաքել և բեմի վրա ընկնելով` մահացել է 1951թ. ծնված Աստղիկ Մուշեղյանը:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ` կնոջ մահվան պատճառը պարզելու համար: Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դիակի դատաբժշկա կան փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել: Համապատասխան հարցումներ են ուղարկվել Նարկոլոգիական և Հոգեբուժական կլինիկաներ, հանձնարարություն է տրվել ոստիկանության Կենտրոնական բաժնին՝ պարզելու դեպքի իրական հանգամանքները:

Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Ֆրեդերիկ Միրիչի Դավթյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դեպքը տեղի է ունեցել Շեքսպիրյան փառատոնի եզրափակիչ ներկայացումից հետո: «Աշխատակիցները հավաքել են բեմը եւ գնացել: Աստղիկ Մուշեղյանն ինչ-ինչ պատճառներով բարձրացել է վերեւ` կախովի բարձրախոսներն իջեցնելու համար եւ վայր ընկել: Պահակասենյակում միայն բարձր ձայն են լսել: Մեզ մոտ խստիվ արգելված է այդ գործողությունը կատարել գիշերվա ժամերին»,-ասաց նա:

Դավթյանի խոսքով` շրջանառվում է նաև վարկած, ըստ որի` կնոջ մոտ կարող էր ինֆարկտի, ինսուլտի վիճակ լինել, բայց դա կպարզի դատաբժշկական փորձաքննությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում