ԱԺ-ում մեկնարկել է հերթական քառօրյայի վերջին նիստը. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական քառօրյայի հերթական նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրանցվել է 92 պատգամավոր: Նիստի մեկնարկին նախ քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը:

Հոկտեմբերի 26-ի նիստում պատգամավորները շարունակել են քննարկել 2013 թվականի հոկտեմբերի 2-ին ստորագրված «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 16-րդ արձանագրությունը, որի վերաբերյալ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Կարեն Բեքարյանը:

Այնուհետեւ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը քննարկման է ներկայացրել 2006 թվականի նոյեմբերի 28-ին Մինսկում ստորագրված «Քրեական դատավարության մասնակիցների պաշտպանության մասին» համաձայնագիրը՝ կից առարկությամբ: Համաձայնագրի նպատակն է ապահովել քրեական դատավարության մասնակիցների պաշտպանությունն ու անվտանգությունը: Նախատեսվում է, որ պաշտպանության կարիք ունեցող անձի պաշտպանությունը կարող է իրականացվել նաեւ այլ երկրում, եթե դրա կարիքը կա եւ համապատասխան մարմնի կողմից առկա է դիմում: Նշենք, որ այս դեպքում դիմող երկիրն ստանձնելու է որոշակի ֆինանսական բեռ:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որի նպատակը մասնագիտական ուսուցման կազմակերպումն է այն անձանց համար, ովքեր ազատազրկված են եղել եւ ավարտել են պատժի կրումը:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը:

Այնուհետեւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը ներկայացրել է 2012 թվականի մայիսի 30-ին Աշգաբատում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքների ապահովման մասին» 1998 թվականի նոյեմբերի 25-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում