Խամենեին կասկածի տակ է առել Սիրիայում արեւմտյան երկրների մտադրությունների անկեղծությունը

Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին կասկածի տակ է առել Սիրիայում ահաբեկչությունն արմատախիլ անելու հարցում արեւմտյան երկրների կոալիցիայի մտադրությունների անկեղծությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Այդ պետություններն իրենց բոլոր հարցերը դիտարկում են սեփական շահերի պրիզմայով եւ չեն մտածում ինչպես Սիրիայում, այնպես Էլ Իրաքում ահաբեկչությունն արմատախիլ անելու մասին»,- Խամենեիի խոսքը մեջբերել է IRNA գործակալությունը:

«ԱՄՆ-ը եւ արեւմտյան մի շարք երկրներ պահանջում են փոխել Սիրիայի կառավարությունը, մինչդեռ պատերազմն ավարտվելու համար անհրաժեշտ է բացահայտել այն սանձազերծողներին եւ հակամարտությանը նպաստող գործոնները»,- հոկտեմբերի 26-ին հայտարարել է Իրանի առաջնորդը Ֆինլանդիայի նախագահի հետ կայացած հանդիպմանը:

Խամենեին նաեւ հայտարարել է, որ Սիրիայի հարցում Իրանի բռնած դիրքը խելամիտ է եւ հիմնված Սիրիայի ժողովրդի ու օրինական կառավարության աջակցման սկզբունքի վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում