ԵԱՏՄ-ն և Իսրայելը մինչ տարեվերջ կսկսեն ԱԱԳ-ի ստեղծման բանակցությունները

Եվրասիական տնտեսական միության երկրները և Իսրայելը մինչ տարեվերջ կանցկացնեն ազատ առևտրի գոտու ստեղծման բանակցությունների առաջին փուլը: Այդ մասին Մինսկում տեղի ունեցող Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ընթացքում հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Նիստին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Մինչ տարեվերջ նախատեսված է բանակցությունների առաջին փուլն Իսրայելի հետ: Բանակցություններ են սկսվում նաև Սերբիայի և մի շարք այլ երկրների հետ»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, հայտարարել է Մեդվեդևը` ավելացնելով, որ բանակցություններ են սկսվել նաև Չինաստանի հետ, իսկ Վիետնամի հետ համաձայնագիրը նախապատրաստման փուլում է:

Ավելի վաղ Ղազախստանի վարչապետ Բակիջան Սագինտաևը նշել էր, որ ԵԱՏՄ երկրներն ԱԱԳ-ի ստեղծման շուրջ բանակցություններ են վարում Հարավային Կորեայի, Եգիպտոսի, Իրանի, Հնդկաստանի հետ: Բացի այդ, միության հետ համագործակցության շահագրգռվածություն են հայտնել Հարավային Ամերիկայի երկրները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում