«Ժողովուրդ». Հանրապետականում մտածում են՝ ինչ պաշտոն տան Կարեն Կարապետյանին

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխող Հանրապետական կուսակցության ներսում այս օրերին գլուխ են կոտրում, թե կուսակցական պաշտոններից որ մեկը «տան» ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին:

Խնդիրը հետևյալ կերպ է դրված. պաշտոնը պետք է արտացոլի Հանրապետական կուսակցությունում նրա բարձր դիրքը` Սերժ Սարգսյանից հետո երկրորդ մարդը լինելու հանգամանքը: Այս նպատակով նաև քննարկվում է տարբերակ, ըստ որի, վարչապետ Կարեն Կարապետյանին կարող է տրվել ՀՀԿ-ի խորհրդի նախագահի պաշտոնը: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը կլինի կուսակցության նախագահը, իսկ Կարեն Կարապետյանը` խորհրդի նախագահը: Համանման մեխանիզմ ժամանակին կիրառվել է Սերժ Սարգսյանի համար, երբ 2006-ի հուլիսին նա անդամակցեց ՀՀԿ-ին:

Այն ժամանակ ՀՀԿ-ի նախագահը վարչապետ Անդրանիկ Մարգարյանն էր, Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ին անդամագրվելուց հետո դարձավ կուսակցության խորհրդի նախագահը: Անդրանիկ Մարգարյանի մահվանից հետո կուսակցական երկու պաշտոններն էլ անցան Սերժ Սարգսյանի տիրապետման տակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում