«Հայկական ժամանակ». Ձերբակալված դատավորը լուրջ անձնական խնդիրներ է ունեցել

«Երեկ երեկոյան ձերբակալվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը։ Մեր տեղեկություններով, նա կասկածվում է կաշառք վերցնելու մեջ։ Դատավորը ձերբակալվել է փողոցում։

Իրավապահ մարմինները դեռևս պաշտոնապես չեն հաստատում տեղեկությունը, բայց նաև չեն հերքում։ ԱԱԾ լրատվական ծառայությունից մեզ հայտնեցին, որ ձերբակալության մասին պաշտոնական տեղեկատվություն կարող են հայտնել միայն առավոտյան։ Իրավապահ շրջանակներից մեզ հայտնեցին, որ Բարսեղյանը ինչ-որ քաղգործով կաշառք է վերցրել և հենց նույն պահին էլ ԱԱԾ-ն նրան ձերբակալել է։ Ընդ որում, խոսքը ոչ մեծ գումարի մասին է 500-1000 դոլար։ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասով նրան սպառնում է 7-12 տարվա ազատազրկում։ Մեր աղբյուրները հայտնում են նաև, որ ձերբակալված դատավորը շատ լուրջ անձնական խնդիրներ է ունեցել, նա վարկեր է ունեցել, կորցրել է տունը, բաժանվել ընտանիքից, ապրում է վարձակալած բնակարանում»,–գրում է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում