Գենիկ Կարապետյան. «Տպարանի շենքի պայթեցումը պլանավորել և իրականացրել է շինարարական կազմակերպությունը»

Ինչպես հայտնի է երեկ Երևանի կենտրոնում՝ Վարդանանց և Հանրապետություն փողոցների խաչմերուկում պայթեցման եղանակով քանդվել է նախկին 1-ին տպարանի Բ մասնաշենքը։ 1920-1930-ական թվականներին կառուցված շենքի պայթեցումը հասարակական դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել։ Սոցիալական ցանցերը պարզապես հեղեված են թեմային վերաբերող գրառումներով ու քննադատական մեկնաբանություններով։

Երեկ երեկոյան լրատվամիջոցներին հայտնի դարձավ, որ հիշատակված հասցեում շինարարական աշխատանքներն իրականացնում է «Նորտեղ Շին» ՍՊԸ֊ն։ Իսկ այսօր առավոտյան տպագիր մամուլից պարզ դարձավ, որ տարածքի սեփականատերը «Մաքուր երկաթ» ՓԲԸ նախկին գլխավոր տնօրեն Գենիկ Կարապետյանն է:

Times.am-ի հետ զրույցում Գենիկ Կարապետյանը նշեց, որ շենքի պայթեցման հետ ինքը որևէ առնչություն չունի։ «Ես այնտեղ շինարարական աշխատանքներ չեմ տանում։ Բոլոր աշխատանքները մենք պատվիրել ենք «Ղարիբյան Շին» ընկերությանը։ Թե հիմա իրանք ոնց են գործն անում, ումից են թույլտվություն ստացել, դա մեզ չի վերաբերվում։ Դա նրանց գործն է», – ասել է Գենիկ Կարապետյանը։

Մեր այն հարցին, որ մամուլում շրջանառվում է նաև «Նորտեղ Շին» ՍՊԸ-ի անունը, Կարապետյանը պատասխանեց, որ հավանաբար «Ղարիբյան Շին» ընկերությունն է նրանց հետ համագործակցում։ «Ես չգիտեմ, շինարարական աշխատանքները ես չեմ անում»։

Սակայն Գենիկ Կարապետյանը չհերքեց, որ տարածքն իրեն է պատկանում։ «Այո, շենք է կառուցվում։ 9 հարկանի է լինելու, ոչ թե 22, ինչպես գրում են մամուլում։ Հյուրանոցային համալիր է լինելու։ Իսկ տպարանի շենքի՝ փողոցին նայող երկու թևերը որպես պատմական արժեք պահպանվելու են», եզրակացրեց Գենիկ Կարապետյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում