«Նորտեղ Շին» ՍՊԸ-ն պայթեցման միջոցով շինաշխատանքների անժամկետ արտոնագիր ունի

Երևանի կենտրոնում գտնվող Տպարանի շենքի պայթեցման թույլտվության հետ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը որևէ առնչություն չունի։ Այդ մասին Times.am-ի հետ զրույցում ասել է գերատեսչության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանատու Նանա Գնդոյանը։

«ՀՀ ԱԻՆ գործառույթներն այս հարցում սահմանափակվում են տարբեր ընկերություններին պայթեցման արտոնագիր տրամադրելով։ Իսկ թե որտեղ, երբ և որ ժամին նրանք կօգտվեն այդ իրավունքից, այլևս կարգավորվում է այլ մարմիններում», – ասել է Նանա Գնդոյանը՝ հավելելով, որ կոնկրետ Տպարանի շենքի՝ պայթեցման միջոցով քանդելու մասին իրենք գրություն են ստացել շինարարական կազմակերպությունից՝ խնդրանքով ապահովել այդ գործընթացի անվտանգությունը։

Ի դեպ, Times.am-ին հայտնի դարձավ, որ «Նորտեղ շին» ՍՊԸ-ն պայթեցման միջոցով շինարարական աշխատանքներ իրականացնելու անժամկետ արտոնագիր ունի։

Հիշեցնենք, որ նախօրեին Երևանի կենտրոնում՝ Վարդանանց և Հանրապետություն փողոցների խաչմերուկում, պայթեցման եղանակով քանդվել է նախկին 1-ին տպարանի Բ մասնաշենքը։

Times.am-ի հետ զրույցում տարածքի սեփականատեր Գենիկ Կարապետյանը նշել է, որ Տպարանի շենքի պայթեցումը պլանավորել և իրականացրել է այն շինարարական կազմակերպությունը, որին ինքը պատվիրել է հյուրանոցի շինարարությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում