Քանդելով Երևանը, ջնջում ենք մեր պատմությունը

Լավ, միթե՞ կարելի է այս աստիճան չսիրել Երևանը, միթե՞ կարելի է այսպես մանրամասն, փողոց առ փողոց, շենք առ շենք ատել Երևանը: Չէ՞ որ նորով ոչ մեկին չես զարմացնի, նորով ոչ մեկին չես գրավի: Չէ՞ որ քաղաքի այցեքարտը սովորաբար լինում են նրա հնամյա կառույցները:

Միթե՞ հնարավոր չէ նորը համատեղել հնի հետ: Հաճախ մի փոքրիկ ու հին երկհարկանի շենքը կարող է մարդու մեջ շատ ավելի մեծ հույզեր առաջացնել, քան 20 հարկանի մի հսկա էշությունը: Հետո էլ զարմանում ենք, թե բա ոնց է ստացվել, որ հազարամյա հնություն ունեցող ժողովուրդ ենք ու առանձնապես հին կառույցներ չունենք:

Այ երևի հենց այսպես է եղել:

Երբ որևէ զգոսաշրջիկ է գալիս Երևան, մենք սովորաբար փորձում ենք նրան ցույց տալ մի այնպիսի հին շինություն, որը կվկայի մեր արմատների, մեր մշակույթի մասին: Իսկ եթե մենք քանդման նման տեմպերով շարունակենք, ապա ի՞նչ ենք ցույց տալու հյուրին մի քանի տարի անց: Նախկին Երևանի նկարնե՞րը:

Չէ որ հին շենքերը սոսկ շենքեր չեն ու դրանք քանդելով, մենք քանդում ենք մեր պատմությունը, մեր մշակույթը, մեր արժեհամակարգը ու տեղը փորձում լրացնել ինչ որ նորակառույցներով, որոնք քաղաքը զրկում են դիմագծից, սպանում են կոլորիտը ու վերածում քարերի կույտի, քանի որ զուրկ են վաղօրոք մտածված հատակագծից: Դա երևում է նույնիսկ անզեն աչքով:

Այն ինչ քանդվում է այսօր, երբեք չի վերականգնվի ու այսօրվա կառույցները երբևէ չեն դառնա պատմություն, երբեք չեն վկայի մեր ճարտարապետական ունակությունների մասին, քանի որ դրանք ընդամենը ուրիշներից պատճենահանված գծագրեր են, copy past արած շենքեր:

Այս նորակառույցներում չկա ազգային դիմագիծ, այդ շենքերին չի հաղորդվում մարդկային շունչ, դրանցով չի կերտվում թեկուզ նոր, բայց այնուամենայնիվ արժեհամակարգ ու նկարագիր, պատմություն ու մշակույթ: Դրանք սոսկ բիզնես պրոյեկտներ են, ուրիշ ոչինչ: Թեպետ երբեմն նախանձել կարելի է այդ պրոյեկտն իրականացնողների երևակայությանը: Հաճախ շենքեր են կառուցվում այնպիսի տեղերում, որ մինչ այդ թվում էր, որ այդտեղ նույնիսկ մեկ մեքենա հնարավոր չի լինի կայանել:

Անշուշտ նմուշի համար կթողնեն մեկ կամ երկու հին շենք ու կասեն` ահա մեր պատմական կառույցները: Բայց պատմական կառույցները գեղեցիկ են իրենց համապատասխան կոլորիտով, այլ ոչ ճնշված ու բազմահարկանիների արանքներում սեղմված իրենց ողորմելի տեսքով:

Երեկ ականատես եղանք հին կառույցներից մեկի հերթական փլուզմանը, ավելի ճիշտ պայթեցմանը: Խոսքը Հանրապետության փողոցում գտնվող հին տպարանի մասին է: Հին շենքեր, մի ամբողջ սերունդներ են անցել այդ շենքի կողքով ու…գուցե դադարել են նկատել, քանի որ ժամանակի ընթացքում այն այնքան հարազատ էր դարձել տվյալ միջավայրին, որ մարդը սկսել էր չնկատել այնպես, ինչպես չի նկատում իր հարազատ սեփական մատները: Բայց երեկ այդ մատները կտրեցին ու կտրեցին բարբարոսաբար:

Ապշել կարելի էր, տեսնելով թե ինչպես են օրը ցերեկով, առանց ապահովության կանոնները պահպանելու, առանց ուշադրություն դարձնելու մայթեզրին կայանած մեքենաներին, վերցնում ու…պայթեցնում: Տպավորություն էր, որ քաղաքի տվյալ հատվածը ենթարկվեց ռմբակոծության:

Ու ի՞նչ է լինելու ապագայում այդ շենքի փոխարեն: Կիրականացվի հերթական բիզնես պրոյեկտն ու ուրիշ ոչինչ: Կկառուցվի մի հերթական բազմահարկանի, որը քաղաքի տվյալ փողոցը կդարձնի խեղանդամված ու աղճատված մի անհասկանալի պատկերի:

Ու այս ամենը կատարվում է մեր՝ Երևանցիների աչքի առջև:

Ի դեպ, երևանցի չեն լինում գրանցումով, ոչ էլ ծնունդով: Կարելի է ամբողջ կյանքն ապրել Երևանում, նույնիսկ ծնվել Երևանում, բայց չլինել երևանցի և հակառակը: Երևանցին մտածելակերպ է, ապրելակերպ, կենսաձև: Ախր ոնց ասեմ, որ իսկական երևանցին, իր քաղաքի հետ այդպես չէր վարվի: Այդպես վարվում են նրանք, ովքեր Երևանը դիտում են զուտ իրենց համար որպես նվաճման, առաջխաղացման ու փող կուտակելու մի հարմար հրապարակ:

Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում