Ընդդիմության հետ բոլոր պայմանավորվածություններն ամրագրված են ԸՕ-ում և ուժի մեջ են. Վահրամ Բաղդասարյան

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հերքում է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարությունը, թե իշխանությունները ցանկանում են չեղարկել ընտրական տեղամասերում տեսախցիկների տեղադրման և ընտրական գործընթացը օնլայն հեռարձակելու մասին պայմանավորվածությունը: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ Ընտրական օրենսգրքում ամրագրված բոլոր պայմանավորվածությունները շարունակում են ուժի մեջ մնալ:

«Այն, ինչ մենք պայմանավորվել ենք, բոլորն ուժի մեջ են: Եթե կան տեխնիկական խնդիրներ, ճշտումներ կկատարենք: Համենայնդեպս, այն ամենը, ինչ մենք պայմանավորվել ենք մեր ընդդիմադիր գործընկերների և քաղաքացիական հասարակության հետ, ամրագրված են Ընտրական օրենսգրքում»,- ասաց Բաղդասարյանը:

Պատգամավորը հավելեց՝ եթե կան տեխնիկական խնդիրներ, դա այլ հարց է, սակայն նկատեց, որ այս պահի դրությամբ նման տեղեկատվություն չկա ու պաշտոնապես նման խնդիր առաջ չի քաշվել:

Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում լրագրողների հետ հանդիպմանը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ընդգծեց, որ իրենց տեղեկություններ են հասնում, թե իշխանությունները ցանկանում են հրաժարվել ընտրությունների ընթացքում բոլոր տեղամասերում տեսախցիկներ տեղադրելու և ընտրական ողջ գործընթացը տեսանկարահանելու և ուղիղ հեռարձակմամբ ցուցադրելու պայմանավորվածությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում