Գեղարքունիքի մարզպետարանում կազմակերպվեց մարզի բուժքույրերի անդրանիկ գիտաժողովը

Գեղարքունիքում կազմակերպվեց մարզի բուժքույրերի անդրանիկ կոնգրեսը՝ մարզի բոլոր բուժհաստատությունների մոտ 150 բուժքույրերի մասնակցությամբ: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Գեղարքունիքի մարզպետարանի եւ «Հայաստանի բուժքույրերի միավորում», «Hայաստանի լյարդաբանների ասոցիացիա» ՀԿ-ների եւ ՀՀ ԱՆ «Հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնի» ներհիվանդանոցային վարակների կանխարգելման բաժնի նախաձեռնությամբ հրավիրված բուժքույրերի գիտաժողովը նպատակ ուներ դասընթացների միջոցով գիտելիքներ հաղորդել Գեղարքունիքի մարզի բուժքույրերին՝ ներհիվանդանոցային վարակների կանխարգելման եւ այլ առաջնահերթ թեմաների մասին:

Գիտաժողովը բացեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: Օրակարգային թեմաներով դասախոսություններ կարդացին ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոն»-ի ներհիվանդանոցային վարակների կանխարգելման բաժնի պետ Ռոմելա Աբովյանը, «Հայաստանի լյարդաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ, ՀՀ ԱՆ գլխավոր լյարդաբան Հասմիկ Ղազինյանը եւ «Հայաստանի բուժքույրերի միավորում» ՀԿ նախագահ, Ալ. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի գլխավոր բուժքույր Գեղանուշ Ստեփանյանը: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանի տեղեկացմամբ՝ այս գիտաժողովը մարզում կազմակերպվում է առաջին անգամ, եւ որի հիմնական նպատակն է՝ բարձրացնել բուժքույրերի մասնագիտական գիտելիքներն ու կարողությունները, ինչպես նաեւ բուժսպասարկման որակը: «Այսօրվա կոնգրեսում ներկայացվող դասախոսություններում հիմնական շեշտը դրվելու է ներհիվանդանոցային վարակների կանխարգելման վրա: Խոսվելու է նաեւ արդիական հիվանդությունների մասին, որոնց թվում՝ վիրուսային հեպատիտների եւ լեշմանիոզի: Ի դեպ,»Հայաստանի բուժքույրերի միավորում» ՀԿ անդամ են համարվում Գեղարքունիքի մարզի բուժհաստատու թյունների բուժքույրերի մեծամասնությունը»,-ներկայացրեց Անուշ Պողոսյանը:

Իսկ գիտաժողովի դասախոսները հավաստեցին, որ նմանատիպ բուժքույրական գիտաժողովները կկազմակերպվեն նաեւ Հայաստանի բոլոր մարզերում, որոնք կկրեն շարունակական բնույթ: «Նախկինում վերապատրաստման նման գիտաժողով- դասընթացներ անցկացնում էինք մայրաքաղաքում,որտեղ հնարավոր էր լինում յուրաքանչյուր մարզից հրավիրել մինչեւ 15 բուժքույր, մինչդեռ այժմ այդ հնարավորությունները տասնապատկվում են: Բացի այդ, տարվա ընթացքում փորձելու ենք 2-3 անգամ յուրաքանչյուր մարզում կազմակերպել նմանատիպ դասընթացներ: Սա կլինի շարունակական կրթական ծրագրի մի մասը»,-նշեց «Հայաստանի լյարդաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ, ՀՀ գլխավոր լյարդաբան Հասմիկ Ղազինյանը: «Մենք ոչ միայն գիտելիքներ ենք հաղորդելու բուժքույրերին, այլ նաեւ ստուգելու ենք նրանց ձեռք բերածը, մեր ուշադրության կենտրոնում են լինելու բուժքույրերի մասնագիտական կարողությունների բարձրացման, վերապատրաստման հետ կապված խնդիրները: Մերօրյա աշխարհում առողջապահությունը եւս զարգանում է մեծ արագությամբ,ինչը մեզանից պահանջում է մասնագիտական գիտելիքների համա? ?ժեք բարձրացում: Սա պարտադիր պայման է՝ հանուն մեր քաղաքացիների առողջության պահպանման»:- Նշեց «Հայաստանի բուժքույրերի միավորում» ՀԿ նախագահ Գեղանուշ Ստեփանյանը:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: «Ձեր մասնագիտական կարողություններից շատ բան է կախված: Հիվանդները մշտապես ձեր ջերմ վերաբերմունքի կարիքն ունեն: Համոզված եմ, որ դուք այստեղից ձեզ հետ կտանեք կարեւոր գիտելիքներ, որոնք կծառայեցնեք ձեր մասնագիտական կարողությունների բարձրացմանը»,-գիտաժողովի մասնակիցներին դիմեց մարզպետը:

Մասնագիտական գործունեության համար շնորհակալություն հայտնելով մարզի բուժքույրերին՝ Գրիգորյանը, միաժամանակ, Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով պարգեւատրեց Մարտունու ԲԿ, Ճամբարակի ԱԿ, Վարդենիսի հիվանդանոցի, Սեւանի ԲԿ, Գավառի ԲԿ եւ Գավառի պոլիկլինիկայի բուժքույրեր Աիդա Պողոսյանին, Սյուզաննա Առաքելյանին, Գայանե Սաղաթելյանին, Վարսիկ Ղազարյանին, Օֆելյա Գեւորգյանին, Արաքսյա Կոստանյանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում