«ԹԵՔՆՈԼՈՋԻ ԸՆԴ ՍԱՅՆՍ ԴԱՅՆԱՄԻՔՍ» ընկերությունը կշարունակի գործունեությունը

Նախօրեին գործադիրը որշում ընդունեց «ԹԵՔՆՈԼՈՋԻ ԸՆԴ ՍԱՅՆՍ ԴԱՅՆԱՄԻՔՍ» ՍՊ ընկերությանը տրամադրել «Ալյանս» ազատ տնտեսական գոտու տարածքում շահագործողի թույլտվություն՝ պլանշետների հավաքման և ծրագրավորման գործունեության իրականացման համար: Թույլտվության գործողության ժամկետը սահմանվել է 7 տարի: 

Նշենք, որ «ԹԵՔՆՈԼՈՋԻ ԸՆԴ ՍԱՅՆՍ ԴԱՅՆԱՄԻՔՍ» ՍՊԸ հանդիսանում է «Ալյանս» ԱՏԳ առաջին շահագործողներից մեկը և ցանկանում է շարունակել իր գործունեությունը:
Ընկերությունը արտասահմանում ներկայացնում է «armtab», «armenian tablet» և «armphone», «armenian phone» ապրանքային նշանները և դրանց ներքո ներկայացվող ապրանքները, որոնք ունեն մեծ պահանջարկ։ Արտադրանքը կարտահանվի ԱՄՆ, ԵՏՄ, ԵՄ և Մերձավոր Արևելքի երկրներ և այլն:

2014-2016թթ. ընթացքում իրականացված ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 1 861 224 000 ՀՀ դրամ, ինչը համարժեք է 3 877 550 ԱՄՆ դոլարի: Նոր տեխնոլոգիաների ներդրման և նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով նախատեսվում է առաջիկա 7 տարիների ընթացքում ներդնել ևս 3 000 000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար:

Ներկայումս ընկերությունն ունի 105 աշխատակից: Աշխատակիցների ընդհանուր քանակը 2014թ.-ին կազմել է 18 անձ, իսկ 2015թ.-ին հասել է 94-ի: Ընկերությունը նախատեսում է ընկերության աշխատակիցների թիվը կրկնապատկել:

2014-2016թթ. ընկերության աշխատողների միջին ամսեկան աշխատավարձը կազմել է 220000-250000 ՀՀ դրամ, ինչը համարժեք է 450-520 ԱՄՆ դոլարի:

Ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված արդյունքի արտահանմանը, նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում