Արմեն Ռուստամյանը ներկայացրեց իր դիտարկումները ԱԺ նոր կանոնակարգ-օրենքի նախագծի վերաբերյալ

Խորհրդարանական ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծում է, որ Ազգային ժողովի նոր կանոնակարգ-օրենքում պետք է արտացոլված լինեն բոլոր այն լիազորությունները, որոնք նոր Սահմանադրությամբ տրվում են խորհրդարանին: Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում Ազգային ժողովի նոր-կանոնակարգ օրենքի շուրջ աշխատանքային քննարկման ընթացքում ՀՅԴ խմբակցության ղեկավարը ներկայացրեց իր դիտարկումները կանոնակարգ-օրենքի նախա գծի վերաբերյալ: «Ես իսկապես համարում եմ, որ մենք մեր մոտեցումը պետք է իրար հետ ճիշտ ուղղությամբ տանենք: Սա չի կարող համարվել Ազգային ժողովի կանոնակարգի փոփոխություն: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե վերցրել ենք հինը և փորձել ենք հարմարեցնել մեր ունեցած նոր համակարգին: Նոր ընտրվող խորհրդարանը լինելու է առաջնային մանդատ ունեցող միակ մարմինը, ինչը պետք է արտացոլված լինի կանոնակարգում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Ռուստամյանը:

Նա հավելեց, որ իշխանությունը ձևավորվելու է խորհրդարանի միջոցով, սակայն դա չի երևում կանոնակարգ-օրենքի ներկայացված նախագծում: «Սա չի երևում, սա գլխավոր հարցն է, որ այս կանոնակարգով պետք է երևա: Այսինքն, Ազգային ժողովի կանոնակարգով պետք է երևա Ազգային ժողովի բոլոր լիազորությունների իրացումը: Ընտրական օրենսգրքից հետո մյուս գլխավոր, կարևոր, համակարգաստեղծ օրենքն այս օրենքն է, և մենք սրան պետք է լրջությամբ վերաբերվենք»,– նշեց ՀՅԴ-ական պատգամավորը:

Ռուստամյանը խորհուրդ տվեց ուսումնասիրել խորհրդարանական կառավարում ունեցող մյուս երկրների փորձը և հասկանալ, թե ինչ վերահսկողական լիազորություններ են տրված խորհրդարանին:

Նա նշեց նաև, որ պետք է հստակեցվի ԱԺ մտնելուց հետո օրենքների ճակատագիրը: «Երբ օրենքը մտնի խորհրդարան, տերն Ազգային ժողովը պետք է լինի: Կառավարությունը կարող է բերել, բայց երբ գալիս է Ազգային ժողով, տերը ինքն է, իսկ բացառիկ դեպքերում կառավարությունը կարող է անվստահություն հայտնել որևէ օրենքի նկատմամբ»,– ասաց նա՝ հավելելով, որ ԱԺ-ն իր բոլոր մարմիններով լիարժեք վերահսկողություն իրականացնելու հստակ գործիքակազմ պետք է ունենա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում