ՏՏ ոլորտում ներդրման համար Լուի Պուզանն արժանացավ ՀՀ Նախագահի մրցանակին

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար 2016 թվականի Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակին արժանացավ համացանցի ստեղծողներից մեկը, Open-Root կազմակերպության գլխավոր տնօրեն Լուի Պուզանը: «Մենք յուրահատուկ ուշադրություն ենք դարձնում բարձր տեխնոլոգիական մշակումների, նորարարական գործունեության եւ գիտական-ինովացիոն հենքով տնտեսության զարգացման խնդիրներին եւ այս տեսանկյունից կարեւորում ենք պետական եւ մասնավոր հատվածների համագործակցությամբ իրականացվող ծրագրերը: Համոզված եմ, որ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար պարգեւը կբարձրացնի Հայաստանի վարկանիշը` որպես ՏՏ ոլորտը տնտեսության զարգացման գերակա ճյուղ հայտարարած երկրի»,- նշված է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքում՝ մեջբերված միջոցառման մամուլի հաղորդագրությունում:

Մրցանակաբաշխության կամկոմիտեի նախագահ Արմեն Գեւորգյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ մրցանակաբաշխությունը դարձել է բարի եւ կարեւոր ավանդույթ, բոլոր մրցանակակիրներն էլ Հայաստանի բարի եւ լավ բարեկամները: «Կանցնեն տարիներ եւ այս պատվավոր մրցանակը ստանալու համար Հայաստան կժամանեն համաշխարհային ճանաչում ունեցող լեգենդներ, որոնք մեր երկրի վարկանիշը կբարձրացնեն, որպես գիտելիքին ապավինող երկիր»,– ասաց նա:

Մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ Թոնի Մորոյանը ուրախությամբ նշեց, որ պահպանվել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի պարգեւի բարձր նշաձողը: «Այս մրցանակին ամեն տարի արժանանում են այնպիսի մարդիկ, ովքեր Նոբելյան մրցանակի իրական հավակնորդներ են»,- նշեց Մորոյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում