Երկրաշարժից հետո ավերածություններ են գրանցվել Իտալիայի հարյուր քաղաքներում

Հոկտեմբերի 30-ին Իտալիայում տեղի ունեցած հուժկու երկրաշարժից հետո ավերածություններ են գրանցվել երկրի կենտրոնական մասի հարյուր քաղաքներում, տարահանվածների թիվը հասնում է մոտավորապես 40 հազարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 31-ին հայտնել Է Corrire della Sera թերթը:

Թերթի տվյալներով՝ Մարկեի մարզում տարահանվել է 25 հազար մարդ, 10 – 15 հազարն՝ Ումբրիայում, որոնցից 3 հազարն ապրում էր Նորչա քաղաքում, որի մերձակայքում էր գտնվում 6,5 մագնիտուդով ստորգետնյա ցնցման Էպիկենտրոնը, եւս երկու հազար մարդ է տարահանվել Լացիոյից եւ հազարն՝ Աբրուցոյից:

Տարերային աղետի գոտում սեյսմիկ ակտիվությունը չի դադարում. անցած գիշեր Ումբրիայի, Լացիոյի եւ Մարկեի միջակա տարածքում գրանցվել է առնվազն 114 ստորգետնյա ցնցում, դրանցից ամենաուժգինի, որը գրանցվել է 04.27-ին (Երեւանի ժամանակով 07.27-ին), մագնիտուդը կազմել է 4,2, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում