Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը հրապարակել է բանկերին վաճառված դոլարի չափը

Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը հրապարակել է 2016 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած արտարժույթային աճուրդներում իր կողմից բանկերին վաճառված դոլարի չափը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական marja.az լրատվական կայքը:

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը 2016 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած արտարժույթային աճուրդներում վաճառել է 371 մլն ԱՄՆ դոլար:

Սեպտեմբեր ամսին հիմնադրամի կողմից վաճառված դոլարի չափը կազմել է 630,9 մլն դոլար:

2016 թվականի հունվար-հոկտեմբերին հիմնադրամը բանկերին վաճառել է 4 մլրդ 283,3 մլն դոլար:

Ադրբեջանի նավթային հիմնադրամը Ադրբեջանի կենտրոնական բանկի կողմից կազմակերպվող արտարժույթի աճուրդներում հանդես է գալիս որպես դոլարի առաջնային աղբյուր:

Նշվում է, որ 2006-2007 թվականների համեմատ 4,24 եւ 4,49 տոկոս եկամուտով աշխատող Հիմնադրամի` 2015 թվականին ակտիվների գծով եկամտաբերությունը կազմել է 1,24 տոկոս: Հիմնադրամում ամենացածր եկամտաբերությունը` 0,99 եւ 0,83 տոկոս, եղել է 2010 եւ 2011 թվականներին:

Հիմնադրամը ցածր եկամտաբերությունը կապում է միջոցների ամենացածր ռիսկայնություն ունեցող ակտիվներում ներդրում կատարելու հետ:

Ըստ կայքի` Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի եկամուտները վերջին 10 տարում 3,4 անգամ նվազել են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում