AM | RU | EN
USD
EUR
RUB

Արդյո՞ք ՏԻՄ ընտրություններն են ՔՊ կուսակցության ղեկավար կազմի փոփոխության պատճառը

Օրերս ՔՊ կուսակցության համաժողովը, մի շարք հարցերի պատասխան տալով հանդերձ, առաջացրեց հավելյալ հարցեր: Կուսակցության վարչության կազմի փոփոխությունը դասական առումով կարելի է համարել ՏԻՄ ընտրություններից հետո քաղած դասեր, նոր մարտավարության մշակում ու անձերի պատասխանատվության վերաբաշխում: Իհարկե, եթե մենք ապրեինք Եվրոպայում, նման մոտեցումը հասկանալի կլիներ ու ըստ այդմ` սովորական երևույթ:

Բայց հաշվի առնելով մեր առանձնահատկությունները` նման մոտեցումը ոչ միայն նորություն է, այլև զարմանալի, առավել ևս, երբ փոխվում է վարչության նախագահը (թեպետ որևէ մեկի համար գաղտնիք չէ, թե ով է կուսակցության իրական ղեկավարը) և երբ փոխվում են կուսակցության շեշտադրումները ապագայում սպասվող ընտրությունների առումով:

Դժվար է հավատալ, որ վարչության նախագահի փոփոխությունը կատարվեց սոսկ այն պատճառով, որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ կուսակցությունը չկարողացավ ապահովել անհրաժեշտ արդյունքները, քանի որ ըստ ընդդիմության մեղադրանքների, քաղաքական ուժերը ընտրությունների ժամանակ պարտվում են ոչ թե ոչ ճիշտ մարտավարության կամ սխալ աշխատանքի արդյունքում, այլ ընտրակեղծիքների պատճառով: Իսկ նման պարագայում ով էլ լիներ կուսակցության նախագահը կամ ինչպիսի կազմ էլ ունենար վարչությունը, այն չէր կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա: Ընտրակեղծիքների մեխանիզմը գործում է՝ առանց հաշվի առնելու մասնակից ուժերի ղեկավարների ով լինելու հանգամանքը, հետևաբար կուսակցության ղեկավար կազմի փոփոխությունը տվյալ պարագայում կարող է հետապնդել միանգամայն այլ նպատակ:

Ես հեռու եմ նաև այն շրջանառվող մոտեցումից, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ժամանակավորապես մնալ ստվերում ու աստիճանաբար փորձում է իրեն հեռու պահել կուսակցական գործընթացից: Նախ համաժողովում հնչած իր ելույթում չզգացվեցին նման շեշտադրումներ, բացի այդ նման նման դեպքում շատ ավելի ձեռնտու կլիներ անփոփոխ թողնել վարչության արդեն նախկին կազմը, քան կուսակցության նախագահի պաշտոնում տեսնել Սասուն Միքայելյանին:

Կարծում եմ, այդ փոփոխությունների պատասխանն ավելի շատ ապագա ընտրությունների վերաբերյալ մոտեցումներում է: Նախկինում միայնակ գնալու վճռականությանը փոխարինելու էր եկել համախմբման գաղափարը, ընդ որում համախմբում ոչ թե մեկ կուսակցության շուրջ, այլ համախմբում դաշինքի տեսքով: Գաղտնիք չէ, որ սովորաբար դաշինքների կազմավորման դեպքում առաջնայինը ցուցակում տեղ են գրավում կուսակցության առաջին և երկրորդ դեմքերը: Հետևաբար Արայիկ Հարությունյանի վարչության նախագահ լինելու դեպքում, տրամաբանությունը հուշում է, որ նա պետք է այլ կուսակցության ղեկավարներից առաջ լիներ, ինչն էլ կհարուցեր այդ դաշինքի մասը կազմող կուսակցությունների դժգոհությունը, իսկ մնալով կուսակցության նախագահ, բայց զբաղեցնելով ներքին հորիզոնականներ, դա էլ կարող էր հարուցել ներկուսակցական խնդիրներ՝ առաջացնելով անարդարության զգացում: Իսկ Սասուն Միքայելյանի պարագայում նման դժգոհություններ չեն առաջանա, քանի որ ի տարբերություն Արայիկ Հարությունյանի, կարելի է փաստարկել կուսակցության ղեկավարի անցած ուղին, արցախյան ազատամարտում ունեցած ներդրումը ու քաղբանտարկյալ լինելու հանգամանքը:

Սա էլ հենց կուսակցության վարչության փոփոխությունների տրամաբանությունն է, իսկ կկայանա մոտ ապագայում այդ համախմբումը, թե ոչ, միանշանակ դժվար է ասել: Նախ բացակայում է գաղափարական հենքը, երկրորդը դեռևս չի ավարտվել պայքարը իրական ընդդիմության տիտղոսը նվաճելու համար: Ակնկալվող համախմբման մասնակիցները դեռևս ոչ վաղ անցյալում ու մասամբ նաև այսօր մեկը մյուսի հասցեին հնչեցնում էին մեղադրանքներ՝ իրենց համարելով միակ ընդդիմադիրը, դիմացինին ներկայացնելով գործարքի գնացած ուժ: Մեկի համար այցը նախագահական նստավայր, սահմանադության հանրաքվեին ու ընտրական օրենսգրքի փոփոխություններին մասնակից լինելը քաղաքական գործընթացներ են, մյուսի համար՝ գործարք:

Բացի այդ կյանքը ցույց է տվել, որ առանց գաղափարական շաղախի, դաշինքներն ունենում են անչափ կարճ կյանք, դրանով թեկուզ ակամա, բայց ծառայություն մատուցելով իշխանություններին: Քանի որ նախ թույլ կապերը իրենցից որևէ լուրջ վտանգ չեն ներկայացնում, իսկ փլուզվելու դեպքում էլ հերթական անգամ վարկաբեկում են ընդդիմություն գաղափարը:

Մյուս ցավալի երևույթն էլ այն է, որ անչափ բարձր է անձի դերակատարումը նման պրոցեսներում, որն էլ գաղափարը մղում է երկրորդ պլան: Իսկ ցանկացած խիստ անձնավորված պրոցես իր մեջ պարունակում է ամբիցիաների խոշոր կուտակում ու արդյունքում ամբիցիաների բախումն էլ իր հերթին վիժեցնում է ցանկացած նպատակ:

Բացի այդ գաղտնիք չէ, որ մեզ մոտ հիմնականում կուսակցական մոտեցումները ձևավորվում են ոչ թե ներքևից վերև սկզբունքով, որտեղ էլ ըստ տրամաբանության մոտեցումները պետք է ստանային որոշման տեսք, այլ միանգամայն հակառակ հունով: Նախ վերևում մշակվում են մոտեցումները, կայացվում որոշումները, այնուհետև հրամցվում ավելի ցածր օղակներին: Նման խիստ անձնավորված քաղաքական հարաբերություններում, հաճախ շարքերը ոչ թե պայքարում են հանուն գաղափարների կամ նպատակների, այլ ակամա, առանց այդ մասին իմանալու, ծառայում են կոնկրետ անձանց, շատ կոնկրետ շահերին: Ու նման դեպքում որքան էլ մեծ լինի շարքերի միավորման ձգտումը, շահերի բախումը սառը ջուր է լցնում այդ ձգտման վրա:

Քաղաքական նորմալ դաշտ, նորմալ քաղաքական փոխհարաբերություններ ձևավորելու, քաղաքական կայուն միավորներ ստեղծելու համար երբեմն անհրաժեշտ է ոչ միայն մոտեցումների, այլև դերակատարների փոփոխություն:

Արմեն ՄԱՐՏՈՒՆԻ

Լրահոս
«Ահրար ալ Շամը» չի մասնակցելու Սիրիայի հարցով Աստանայի բանակցություններին Սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի կազմն ընդլայնվել է Նոյեմբերյանի ավտոճանապարհներին մառախուղ է Աշխարհի գլխավոր աստղը ներկա է լինելու. Թրամփը մեկնաբանել է իր երդմնակալության բոյկոտը «Սասստեքս» ընկերությունը փորձ է անում Շիրակում վերականգնել արդյունաբերական ներուժը Ոստիկանության Շենգավիթի ու Գավառի բաժինները լավագույնն են 2016թ. արդյունքներով ՌԴ-ն և Թուրքիան սկսում են առաջին համատեղ օդային գործողությունը Սիրիայում Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարը` տարվա 4 եղանակին Կամո Արեյանը կարծում է, որ «Սանիթեք»-ը լիարժեք է կատարել իր առջեւ դրված պարտավորությունները ՀՀ գյուղնախարարը մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն Իտալիայում կուժեղացնեն զինվորականների ներկայությունը երկրաշարժից տուժած շրջաններում Ադրբեջանի կառավարության հետ կապված նոր կոռուպցիոն սկանդալ է տեղի ունեցել Մայրաքաղաքի վարչական շրջաններում առկա են կոյուղացման եւ գազամատակարարման հետ կապված խնդիրներ ՀՀ քննչական կոմիտեն ուսումնասիրում է բժշկական կենտրոնում բռնաբարության մասին տեղեկության իսկությունը Տրանսպորտի բնագավառում 2016թ. ՀՀ կառավարություն է ներկայացվել փոփոխություն կատարելու մասին 14 օրինագիծ Զինծառայող Անդրանիկ Մուսիկյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով Հնդկական ինքնաթիռներում հայտնվել են տեղեր միայն կանանց համար Մալիում ավելի քան 80 մարդ Է զոհվել զինվորական ճամբարում իրականացված պայթյունից Արծվիկ Մինասյանն այցելել է «Սևան» և «Դիլիջան» ազգային պարկեր Մայրաքաղաքի 12 վարչական շրջանները հագեցվել են շախմատի դպրոցներով Մայրաքաղաքի լուսավորության ցանցը կփոխարինվի LED էներգախնայող համակարգով 2017-ին մայրաքաղաքում վերանորոգվելու է 28 մանկապարտեզ Հռոմում երկրաշարժից հետո չի աշխատում մետրոն, տարհանվել են մի շարք դպրոցներ Իրաքի զինված ուժերն ԻՊ-ից ամբողջովին ազատագրել են Մոսուլի արեւելյան մասը Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ավտոմեքենան կամրջից ցած է ընկել Հայ ավետարանչական ընկերակցությունը զոհված 18 զինծառայողների ընտանիքներին օգնություն կտրամադրի «Կապանի բժշկական կենտրոն»-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ռոմիկ Սարգսյանը Զինծառայության պարտականություններ կատարելուց հրաժարվողը բերման է ենթարկվել Դավիթ Տոնոյանն ընդունել է Լիտվայի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպանին Վիգեն Սարգսյանն ընդունել է ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներին Արցախում Ադրբեջանի զինուժի արձակած կրակոցից զինծառայող է զոհվել ԿԳ նախարարը Սերժ Սարգսյանին զեկուցել է կրթության ոլորտում իրականացվող աշխատանքների և ծրագրերի մասին Արցախի նախագահն ընդունել է Անջեյ Կասպշիկին Մխիթարյանը հայկական անկյուն է գտել Մանչեսթեր քաղաքում Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցվել է քրգործ Ռուսաստանը ԵԱՀԿ տարածքում ճգնաժամերի հաղթահարման գործում կարևոր դեր կարող է ունենալ. Կուրց Արցախի ՄԻՊ-ը պետք է ներգրավված լինի բոլոր գործընթացներում. Արման Թաթոյան Արման Թաթոյանը Լապշինին առաջադրվող մեղադրանքները համարում է միջազգային չափանիշներին հակասող Երևանի մի քանի փողոցներում տեղադրվելու են նոր արագաչափ սարքեր Երրորդ ուժգին երկրաշարժն է տեղի ունեցել Իտալիայում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan