«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության մամուլի ազատության ինդեքսում Ադրբեջանը վերջին 20 երկրների թվում է

« Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը տարբեր երկրներում անցկացրել է մամուլի ազատության վերաբերյալ ուսումնասիրություններ եւ նոյեմբերի 2-ին հրապարակել «Մամուլի ազատության թշնամիները» խորագրով զեկույց:

Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:

Ադրբեջանի վերաբերյալ զեկույցում ասվում է, որ Ադրբեջանի ոստիկանությունը եւ անվտանգության ուժերը հետեւողականորեն շարունակում են օգտագործել բոլոր միջոցները՝ հետապնդելու իշխանություններին քննադատող անձանց: Այս նպատակով Ադրբեջանում լայնորեն կիրառվում է շանտաժը, լրագրողների անձնական կյանքի վերաբերյալ տեսանյութերի հրապարակումը, նրանց դեմ ուղղված հարկերից խուսափելու, թմրամոլության եւ խուլիգանության մեղադրանքները:

Միեւնույն ժամանակ, իշխանությունները ճնշում են անկախ ԶԼՄ-ներին, օրինակ` Zerkalo եւ Azadlıq թերթերին:

Վերջերս Ադրբեջանում իշխանությունների կողմից ուժի կիրառմամբ փակվեց Ազատություն ռադիոկայանի Ադրբեջանում գործող ծառայությունը:

Նախորդ տարվանից Ադրբեջանի իշխանությունները սկսել են հայտնաբերել եւ հետապնդել արտասահմանում գործող Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողների հարազատներին:

Ներկայումս Ադրբեջանում 8 լրագրող եւ բլոգեր ձերբակալված են, տասնյակ լրագրողներ էլ հալածանքներից խուսափելու համար ապաստան են գտել արտասահմանում:

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության կողմից պատրաստված 2016 թվականի Մամուլի ազատության նախորդ ինդեքսում Ադրբեջանը նշվել էր մամուլի ազատության մակարդակով առավել խնդիրներ ունեցող 18 երկրների շարքում՝ 2015 թվականի 162-ի փոխարեն զբաղեցնելով 163-րդ տեղը:

«Վարկանիշն արտացոլում է լրագրողական ազատության վրա գրոհների ինտենսիվությունը եւ նրանց անկախությունը կառավարություններից, գաղափարախոսությունից եւ մասնավոր հատվածի շահերից», -ասվում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության մամուլի տեղեկագրում:

Վարկանիշում, նախորդ տարվա համեմատ, Հայաստանը 4 հորիզոնականով առաջընթաց է գրանցել` զբաղեցնելով 74-րդ տեղը:

Մամուլի ազատության ցուցանիշով Հայաստանն առաջ է անցել այնպիսի երկրներից, ինչպիսիք են Իսրայելը (101-րդ տեղ), ինչպես նաեւ Եվրամիության անդամ Իտալիան (77-րդ տեղ), Հունաստանը (89-րդ տեղ) եւ Կիպրոսը (81-րդ տեղ):

Զեկույցում նշվում է, որ ընդհանուր առմամբ, աշխարհում ուժեղացել են իշխանությունների եւ մասնավոր բիզնեսի կողմից լրագրողների նկատմամբ ճնշումները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում