Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ է գրանցվել

ՍՊԾ դիտացանցը հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 2-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցել է բնակչության կողմից զգացված 2 երկրաշարժ: Ինչպես տեղեկացրին ՍՊԾ գործակալությունից, հոկտեմբերի 28-ին 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.7) երկրաշարժ է տեղի ունեցել Մեղրի քաղաքից 10 կմ դեպի հարավ-արևելք: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Մեղրիում՝ 3-4 բալ և Կապանում՝ 3 բալ ուժգնությամբ: Հոկտեմբերի 31-ին 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.1) երկրաշարժ է գրանցվել Վանաձոր քաղաքից 12 կմ դեպի հարավ-արևմուտք: Վերջինն զգացվել է Վանաձորում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 5 երկրաշարժ:

Հոկտեմբերի 27-ին 3 բալ և 30-ին 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել Վրաստանում, համապատասխանաբար՝ Նինոծմինդա քաղաքից 25 կմ դեպի արևելք և Քվարելի քաղաքից 8 կմ դեպի հյուսիս-արևելք:

Մնացած 3 երկրաշարժերը գրանցվել են Իրանում. հոկտեմբերի 28-ին Մարանդ քաղաքից 25 կմ հարավ-արևելք՝ 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2., հաջորդ օրը Արդեբիլ քաղաքից 33 կմ դեպի հարավ-արևմուտք՝ 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.4) և հոկտեմբերի 30-ին Մարանդ քաղաքից 25 կմ հարավ-արևմուտք՝ 4-5 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.3):

Տարածաշրջանից դուրս. հոկտեմբերի 30-ին 6.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել կենտրոնական Իտալիայում՝ Նորչա (մարզ Ումբրիա) քաղաքից 6 կմ դեպի հյուսիս: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Իտալիայի ամբողջ տարածքում, այդ թվում՝ մայրաքաղաք Հռոմում: Երկրաշարժի հետևանքով անօթևանների թիվը կարող է հասնել մոտ հարյուր հազարի: Իտալական Ումբրիա, Լացիո, Մարկե, Աբրուցո մարզերի 100-ից ավելի բնակավայրերում կան բազմաթիվ ավերածություններ: Երկրաշարժի հետևանքով զոհեր չկան:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում