Ադրբեջանական մանաթի անկումը շարունակվում է

Ադրբեջանի կենտրոնական բանկի կողմից հաստատված պաշտոնական փոխարժեքի համաձայն` նոյեմբերի 4-ին դոլար-մանաթ փոխարժեքը կկազմի 1,6596 մանաթ:

Նոյեմբերի 4-ին Ադրբեջանի կենտրոնական բանկը եւ պետական նավթային հիմնադրամը իրականացրել են փոխարժեքային աճուրդ, որի ժամանակ մեկ դոլարի դիմաց մեկնարկային գինը եղել է 1,6490, որը բարձրացել է մինչև 1,6580-ի:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական marja.az լրատվական կայքը:

Նոյեմբերի 3-ի դրությամբ դոլար-մանաթ փոխարժեքը կազմել է 1,6490 մանաթ:

Հոկտեմբերի 28-ին Ադրբեջանի կենտրոնական բանկի կողմից դոլար-մանաթ պաշտոնական փոխարժեքը սահմանվել էր 1,6381 մանաթ:

Հոկտեմբերի 27-ի դրությամբ դոլար-մանաթ պաշտոնական փոխարժեքը եղել է 1,6291, այսինքն` մեկ շաբաթվա ընթացքում մանաթը սրընթաց անկում է ապրել:

Կենտրոնական բանկի կողմից իրականացված վերջին արժույթային աճուրդներում մանաթի էժանացումը խոսում է այն մասին, որ դոլարի պահանջարկը շարունակում է գերազանցել առաջարկին:

Ադրբեջանում դոլարի մյուս աղբյուրը Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամն է, սակայն, մասնագետների կարծիքով, մինչեւ տարեվերջ նավթային հիմնադրամը նույնպես մեծ հաջողություններ չի գրանցի նավթային շուկայում:

Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը 2016 թվականի 10 ամիսների ընթացքում վաճառել է 6,5-7 մլրդ մանաթին համարժեք դոլար,իսկ հիմնադրամի բյուջեի հանձնառությունը կազմում է 7,6 մլրդ մանաթ, եւ մյուս ծախսերն էլ հաշվի առնելով, հիմնադրամը մինչեւ տարեվերջ լավագույն դեպքում կկարողանա վաճառել 1-1,5 մլրդ մանաթ, ինչը ամեն ամսվա համար կկազմի 400-450 մլն դոլար:

Ադրբեջանի կենտրոնական բանկը փորձելու է պահպանել ռեսուրսները, եւ միայն ծայրահեղ իրավիճակ ստեղծվելու դեպքում պահուստից բաց կթողնի 100-200 մլն դոլար, ինչը նշանակում է, որ արժույթային աճուրդներում դոլարի պահանջարկը կրկին կշարունակի գերազանցել առաջարկին:

Այս ամենը, ըստ ադրբեջանցի փորձագետների, կբերի մինչև տարեվերջ մանաթի շարունակական անկման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում