Freedom House-ը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել վերջ տալ հետապնդումներին

Մարդու իրավունքների միջազգային կազմակերպություն հանդիսացող Freedom House-ը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել վերջ տալ մադրու իրավունքների պաշտպաններին հետապնդելու քայլերին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:

Freedom House-ի հայտարարության մեջ ասվում է. «Ադրբեջանի իշխանությունները հետապնդումների են ենթարկում փաստաբաններ Էլչին Սադըքովին եւ Ֆարիզ Նամազլըին, ովքեր համարձակվել են պաշտպանել քաղբանտարկյալներին եւ հանրության ուշադրությունն են հրավիրել իշխանությունների կողմից թույլ տրվող անօրինությունների վրա»:

Կազմակերպության միջազգային ծրագրերի գծով փոխնախագահ Ռոբերտ Հերմանը նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է վերջ տան փաստաբանների նկատմամբ վատ վերաբերմունքին, քանի որ նրանք կատարել են իրենց փաստաբանական պարտականությունները:

Ադրբեջանը Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության կողմից հրապարակված մարդու եւ մամուլի ազատության վերաբերյալ զեկույցում ամենաանազատ երկրների շարքում է:

Կազմակերպության կողմից հրապարակված «Անցումային երկրներ» անունը կրող զեկույցում Ադրբեջանը կրկին հայտնվել է ժողովրդավարության ամենացածր մակարդակը ունեցող երկրների շարքում` գնահատման 1-7 բալանոց համակարգում հավաքելով 6,86 բալ:

Ադրբեջանի ոստիկանությունը եւ անվտանգության ուժերը հետեւողականորեն շարունակում են օգտագործել բոլոր միջոցները՝ հետապնդելու իշխանություններին քննադատող անձանց: Այս նպատակով Ադրբեջանում լայնորեն կիրառվում է շանտաժը, անձնական կյանքի վերաբերյալ տեսանյութերի հրապարակումը, նրանց դեմ ուղղված հարկերից խուսափելու, թմրամոլության եւ խուլիգանության մեղադրանքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում