«Քրդստանի ազատության բազեներ»-ը ստանձնել են Դիարբեքիրի պայթյունի պատասխանատվությունը

«Քրդստանի ազատության բազեներ» (TAK) կազմակերպությունը հայտարարել է, որ ինքն է պատասխանատու նոյեմբերի 4-ին Դիարբեքիրում իրականացված ահաբեկչության համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, քրդական Firat գործակալությունը հրապարակել է կազմակերպության տարածած հաղորդագրությունը:

Հաղորդագրության մեջ «Քրդստանի ազատության բազեներ» կազմակերպությունը հայտարարել է, որ Դիարբեքիրի պայթյունն իրականացվել է «ժողովրդավարական, ձախակողմյան, սոցիալիստական ուժերի նկատմամբ ճնշումներին ի պատասխան»:

Թուրքիայի իշխանությունները հայտարարել էին, թե Դիարբեքիրի պայթյունը իրականացրել է Քրդստանի բանվորական կուսակցությունը (PKK): Սակայն պայթյունի հաջորդ օրը Reuters գործակալությունը, հիմնվելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը պատկանող Amaq գործակալության վրա, գրել էր, թե պայթյունի պատասխանատուն ԻՊ-ն է:

Պայթյունի հետևանքով զոհվել է 11 մարդ, որոնցից 2-ը` ոստիկան: Վիրավորվել է շուրջ 100 մարդ: Վնասվել են հարակից շենքերը: Ընդհանուր առմամբ, տուժել է 12 հազար մարդ: Գործողության համար օգտագործվել է 3 տոննա պայթուցիկով բեռնավորված միկրոավտոբուս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում