Թերեզա Մեյը հրաժարվել է թուլացնել այցագրային ռեժիմը հնդիկների համար

Բրիտանիան չի պարզեցնի այցագրերի ստացման գործընթացը Հնդկաստանի բնակիչների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին, հայտարարել է վարչապետ Թերեզա Մեյը:

Նրա խոսքով՝ գործող համակարգը լավ է աշխատում: «Հնդկաստանից այցագրերի տասը հայտերից ինն ընդունվում է»,- նշել է Մեյը: Մեծ Բրիտանիայի վարչապետն այցով գտնվում է Դելիում, որտեղ փորձում է ճանապարհ հարթել առաջին հետ»բրեքսիթյան» բրիտանական առեւտրական համաձայնագրի համար:

Վարչապետը հայտնել է, որ ոչ մեծ խումբ ունեւոր հնդիկներ կստանան Great Club ծառայությունից օգտվելու հնարավորություն: Դրա օգտատերերին տրամադրում են անհատական կառավարչի, որն զբաղվում է այցագրի փաստաթղթերի ձեւակերպմամբ:

Հնդկաստանի հազարավոր բնակիչներ, որոնք Բրիտանիա են ժամանում աշխատանքային այցագրերով, կարող են օգտվել Registered Travellers Scheme ծառայությունից: Այն թույլ է տալիս ավելի արագ անցնել սահմանային հսկողությունը:

Ավելի վաղ Թերեզա Մեյը հավաստել է, որ կառավարությունն իր ղեկավարությամբ մտադիր է հասնել զուտ միգրացիայի (երկիր ժամանողների եւ մեկնողների թվի տարբերությունը) նվազման ՝ տարեկան մինչեւ 100 հազար մարդ: 2015 թվականին այս ցուցանիշը կազմել է 333 հազար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում