Վերջին շրջանում գործարարները ներմուծման հետ կապված դժգոհություններ չեն հայտնել. Սուրեն Կարայան

Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը գործարարներից ներմուծման խոչընդոտների վերաբերյալ ահազանգեր չի ստացել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին բանանի ներմուծման հետ կապված խոչընդոտների վերաբերյալ:

«Ես չեմ ցանկանում մեկնաբանել այն, ինչ գրված է մամուլում, բայց կարող եմ ասել, որ վերջին ժամանակահատվածում գործարարների կողմից ներմուծման հետ կապված դժգոհություններ նախարարությունը չի ստացել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Կարայանը:

Նախարարն անդրադարձավ նաև ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը՝ ընդգծելով, որ դա երկրի համար լայն հնարավորություններ է բացում: «Մեր պատրաստի արտադրանքի մեծ մասն արտահանվում է ԵԱՏՄ շուկաներ: Եթե հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները վերլուծեք Հայաստանի և մեր հարեւան այլ պետությունների մասով, որոնք չեն անդամակցել ԵԱՏՄ-ին, կհամոզվեք, թե որքանով դրական էր մեր անդամակցությունը»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում