Պետբյուջեի նախագծով ակնկալվում է եկող տարի ստանալ 1 տրիլիոն 135 միլիարդ դրամ հարկային եկամուտ

Հայաստանի պետական բյուջեի նախագծով 2017 թ. ակնկալվում է ստանալ 1 տրիլիոն 135 միլիարդ դրամ հարկային եկամուտ: Ազգային ժողովում ՀՀ 2017 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:

«Մակրոտնտեսական զարգացումների տեսանկյունից այստեղ դրված է շուրջ 5 տոկոս անվանական համախառն ներքին արդյունքի աճի ցուցանիշը, 3.2 տոկոս իրական աճի ցուցանիշը, 1.7 տոկոս դեֆլյատորի մեծություն: 21 տոկոս հարկեր-ՀՆԱ ցուցանիշով մենք ունենում ենք 1 տրիլիոն 135 միլիարդ հարկային եկամուտների նախատեսված ցուցանիշը»,- պարզաբանեց Միրումյանը:

Նա հավելեց, որ կանխատեսումները հիմնված են նախորդ տարիների մեթոդաբանության վրա: Այսինքն, հիմնական բազան ազգային հաշիվների համակարգի մեծություններն են: «Մասնավորապես, այնպիսի հիմնական հարկատեսակները, ինչպիսիք են ավելացված արժեքի հարկը, շահութահարկը և եկամտահարկը: Կանխատեսումների համար հիմք է ընդունված, մասնավորապես, ազգային հաշվեհամակարգի վերջնական սպառում ցուցանիշը ավելացված արժեքի համար, զուտ շահույթ ցուցանիշը՝ շահութահարկի համար»,- մանրամասնեց Վախթանգ Միրումյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում