Փրկարարները Սեւանա լճում հայտնաբերել են հոկտեմբերի 31-ից անհայտացած ձկնորսներից մեկի դին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության փրկարարները, շարունակելով որոնողական աշխատանքները, Սեւանա լճում նոյեմբերի 9-ին` ժամը 16-ի սահմաններում, հայտնաբերել են հոկտեմբերի 31-ից անհետացած նորատուսցի երկու ձկնորսներից մեկի՝ Արեւշատ Առաքելյանի դին: Ինչպես տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության պետի տեղակալ Գարիկ Հակոբյանը, Արեւշատ Առաքելյանի անշնչացած մարմինը դուրս է բերվել ափից 11 կիլոմետր հեռավորությամբ եւ մինչեւ 31 մետր խորությամբ:

«Դիակը գտնվել է սուզված նավակի հայտնաբերման տեղից մոտ 200 մետր հեռավորության վրա՝ մինչեւ 31 մետր խորությունից: Շարունակում ենք նաեւ մյուս երիտասարդի՝ Ա. Կյուրեղյանի որոնումները»,-նշեց Գարիկ Հակոբյանը: Փրկարարները կորած ձկնորսներին որոնում են հոկտեմբերի 31-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում