Ամեն ինչ արվում է մեր բանակի մարտունակությունը բարձր պահելու համար

Ամեն ինչ արվում է մեր բանակի մարտունակությունը բարձր պահելու համար

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի կարծիքով ադրբեջանական զինվորական ստորաբաժանումների կողմից 60 և 82 միլիմետրանոց ականանետերից առաջնագծի հյուսիսարևելյան (Թալիշ և Յարըմջա) ուղղությամբ տեղակայված ԼՂ պաշտպանության բանակի մարտական դիրքերը արկակոծելը առանձնապես որևէ բանով պայմանավորված չէ: Դա Ադրբեջանի պետության էությունն է: «Իհարկե այն, որ զորավարժություններ են անցկացվում, այդ համատեքստում էլ են խախտում զինադադարի ռեժիմը, բայց սա այդ պետության էությունն է, և նման պետությունները հենց այդպիսի քաղաքականություն են վարում»,- ասել է նա:

Դավիթ Բաբայանը նշել է, որ որքան Ադրբեջանի սոցիալտնտեսական վիճակը բարդանում է, այնքան Ադրբեջանն ապակառուցողական դիրք է ընդունում, կրկին շահարկվում է արտաքին թշնամու կերպարը, որպեսզի բնակչությանը շեղի առկա խնդիրներից, ինչը նաև կանխատեսելի է:

«Ամեն ինչ արվում է մեր բանակի մարտունակությունը բարձր պահելու համար, ինչն ամենակարևոր և ամենագործուն մեխանիզմն է, որպեսզի խաղաղությունը և կայունությունը տարածաշրջանում պահպանվի։ Ուրիշ տարբերակ չկա»,- ասել է նա և վստահեցրել, որ միշտ էլ համապատասխան միջոցներ ձեռնարկվելու են Արցախի անկախությունը և անվտանգությունը ապահովելու համար:

Բաբայանը նշել է, որ չկա նախապատերազմական իրավիճակ, բայց այն, որ պատերազմի հավանականությունը քիչ է, դա չի նշանակում, որ մեր զգոնությունն էլ պետք է քիչ լինի, կամ նվազի, կամ էլ նման երևույթների վրա չպետք է ուշադրություն դարձնել: Այնուամենայնիվ, իրավիճակը վերահսկվում է:

Իսկ անդրադառնալով համանախագահողների արձագանքին, ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը մեջբերել է երկու օր առաջ ԱՄՆ դեսպանի Ադրբեջանում արած հայտարարությունն, ըստ որի՝ ԼՂ հակամարտության կարգավորմանը բանակցային և խաղաղ ճանապարհին այլընտրանք չկա: Դեսպանն այդ հայտարարությունն արել է այս զորավարժություններից առաջ, ինչը հստակ մեսիջ, պատգամ է, որ Ադրբեջանը հանկարծ չմտածի իրավիճակն ապակայունացնելու ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում