Իր նպատակասլացությամբ Գրիգոր Գրիգորյանն օրինակ է պատանի լողորդների համար

Իր նպատակասլացությամբ Գրիգոր Գրիգորյանն օրինակ է պատանի լողորդների համար

«Առողջ մարմնում` առողջ հոգի» արտահայտությունը գրեթե բոլոր մարզաձևերում կարգախոս է, սակայն լող մարզաձևը նախընտրած մարզիկներն ամենաշատն են դա զգում սեփական մաշկի վրա, քանզի այն միակ մարզաձևն է, որի ժամանակ աշխատում են մարդու բոլոր մկանային համակարգերը:

Երկրպագուները մի քանի րոպեների ընթացքում տեսնում են այն, ինչ լողորդները ցուցադրում են լողավազանում` մրցումների ժամանակ, իսկ թե ամենօրյա ինչպիսի դժվար աշխատանք է պահանջում այն, գիտեն ու մտածում են քչերը:

Լողով կարող են զբաղվել բոլորը, սակայն հաջողության հասնելու համար Հայաստանում պահանջները շատ են` սկսած ֆինանսական խնդիրներից մինչև ծնողների հետևողականությունը: Իհարկե, մեզ մոտ նախապատվությունը տրվում է այն մարզաձևերին, որտեղ մեր մարզիկները որոշակի հաջողություններ են գրանցում, սակայն հաճելի է, երբ երեխան ինքն է գիտակցում մարզաձևի կարևորությունը և պատրաստ է պայքարել մինչև վերջ` արդյունքները բարելավելու համար:

12-ամյա Գրիգոր Գրիգորյանը նրանցից մեկն է: 6 տարեկանից զբաղվում է լողով և այս մի քանի տարիների ընթացքում տարբեր մրցաշարերում կարողացել է նվաճել 35 մեդալ: Եվ սա այն դեպքում, երբ սկզբում շատ երեխաների նման նա էլ վախեցել է ջրից, սակայն կարճ ժամանակահատվածում կարողացել է հաղթահարել հոգեբանական խնդիրներն ու սիրել մարզաձևը:

Panorama.am-ի հետ զրույցում Գրիգորը փաստեց, որ այդ հարցում իրեն մեծապես օգնել է մարզիչը` Արմեն Եպիսկոպոսյանը, ում գլխավորությամբ նա մարզվում է առաջին իսկ օրվանից: Մարզիչը, իր հերթին, բարձր դասեց իր սանի հնարավորությունները, ով արդեն իսկ թիկնալող մրցաձևում, իր տարիքային խմբում զգալի հաջողություններ է գրանցել` 2013 թ. սկսած ապահովելով տեղն առաջին հորիզոնականում:

«Շատ աշխատասեր, ընկերասեր, նպատակասլաց մարզիկ է Գրիգորը: Ինքն իր աշխատասիրությամբ ցույց է տալիս մյուս մարզիկներին, որ ամեն ինչ հնարավոր է` նպատակին հասնելու համար: Օրերս ավարտված պատանիների Հայաստանի առաջնությունում, մրցելով փորձառու լողորդների հետ, Գրիգորը գրավեց 3-րդ տեղը, ինչը մեծ քայլ է, քանի որ առաջին երկու տեղերը զբաղեցրին Հայաստանի լողի հավաքականի անդամները»,- ասաց ընկեր Արմենը:

«Ինձ համար անսպասելի էր, որ կգրավեմ 3-րդ տեղը, քանի որ մրցակիցներս իսկապես շատ ուժեղ էին: Բայց կարողացա լավ հանդես գալ, ինչի համար շատ ուրախ եմ»,- նշեց Գրիգորը:

Մարզիչը պատմեց, որ սովորաբար երեխաները լողով են զբաղվում` սկսած 3 տարեկանից, իսկ պրոֆեսիոնալ սպորտում արդեն հայտնվում են 7-8 տարեկանից, երբ երեխան գաղափարապես հասուն է և գիտակցում է, թե ինչ ես իրենից պահանջում: Գրիգորը ոչ միայն հիանալի կատարում է մարզչի ցուցումները, այլև վստահ է իր ապագայի հարցում:

«Քրտնաջան աշխատելու եմ` արդյունքներս բարելավվելու համար: Իմ նպատակն Օլիմպիական չեմպիոն դառնալ է: Իհարկե, հասկանում եմ, որ դժվարությունները շատ են և անհրաժեշտ է շատ մարզվել, բայց ես պատրաստ եմ` նպատակիս հասնելու համար»,- ասաց Գրիգորը:

Ռիոյի Օլիմպիական խաղերին մասնակցելու համար Հայաստանի լողի հավաքականին երկու սպիտակ քարտ էր տրվել: Ցավոք, մարզաձևում չկա այն խթանիչ ուժը` միջազգային մրցահարթակում հայ լողորդների նվաճումների տեսքով, որը կարող է ոգևորել ու ուղղորդել սկսնակ լողորդներին: Մարզաձևում առկա մյուս խնդիրների մասին պատմել է Արմեն Եպիսկոպոսյանը:

«Առաջին հերթին` լողը թանկ մարզաձև է: Ելնելով այսօրվա մեր սոցիալական վիճակից ոչ բոլորն են կարող ընտրել այս մարզաձևը: Նախկինում լողն անվճար էր, ուստի ավելի մասսայական էր: Բացի այդ, հայ ընտանիքներում կա այսպիսի մտածելակերպ, որ ձմռանը երեխան կմրսի, իսկ տարվա կեսը մարզվող երեխան չի կարող մեծ հաջողություններ ակնկալել: Ծնողը պետք է դա գիտակցի և հասկանա, հետևողական լինի»,- ասաց մարզիչը:

Ծնողների հետևողականության և մարզչի աշխատանքի շնորհիվ էլ այսօր Գրիգորը հասել է այն արդյունքներին, որն ունի: 6 տարեկանից սկսած զբաղվում է նաև պարով, գերազանց է սովորում դպրոցում, հիանալի նկարում է և, ամենակարևորը, չի թերանում: Նա վստահ է, որ պարն ու լողը համատեղելի են և օգնում են միմյանց:

«Իհարկե, լինում են օրեր, երբ հոգնում եմ, սակայն պարը չի կարող խանգարել ինձ` զբաղվել լողով: Ընդհակառակը, այն օգնում է ինձ: Մարզիչս դեմ չէ, նա ասում է, որ պարը նույնպես օգնում է մկանների ճկուն աշխատանքին, որն անմիջական կապ ունի լողի հետ: Եթե լինի այնպես, որ ընտրեմ դրանցից մեկը, ապա նախապատվությունը կտամ լողին, քանի որ այստեղ ավելի մեծ հաջողությունների եմ հասել»,- ասաց փոքրիկ լողորդը:

Նոյեմբերի 26-ին և 27-ին տեղի կունենա Հայաստանի պատանիների բաց առաջնությունը, որին կմասնակցեն նաև Վրաստանի մարզիկները: Մրցումներին կմասնակցի նաև Գրիգոր Գրիգորյանը: Նրա առաջնային նպատակն այժմ Հայաստանի լողի հավաքականի կազմում հայտնվելն ու միջազգային մրցահարթակում մեր երկիրը ներկայացնել է:

«Ինչպես տեսնում եք, վախը հաղթահարելի է: Թող մարզաձևով զբաղվող մյուս մարզիկները տեսնեն Գրիգորին և հասկանան, որ հոգեբանական խնդիրներից ձերբազատվելուց հետո նա ինչ հաջողությունների է հասել: Իր նպատակասլացությամբ Գրիգորն օրինակ է ծառայում մեր մյուս մարզիկների համար, որոնք ուրախանում են նրա հաջողություններով և ձգտում են նույնկերպ աշխատել ու հասնել նրան»,- ասաց Արմեն Եպիսկոպոսյանը:

Մարզչի խոսքերով` Հայաստանի հանրապետությունում, իր տարիքային խմբում Գրիգոր Գրիգորյանը համար առաջինն է թիկնալողում և ոչ մի անգամ պարտություն չի կրել: Զրույցի վերջում Գրիգորն ավելացրեց, որ չի պատրաստվում սահմանափակվել ձեռքբերումներով, ձգտելու է ավելի լավ աշխատել և հասնել իր նպատակին: Եթե կա ցանկություն և աշխատասիրություն, արդյունքներն սպասել չեն տա:

Հեղինակ` Հռիփսիմե Ղազարյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում