Գերմանիայի ՆԳՆ-ն արգելեց իսլամիստների «Ճշմարիտ կրոն» միավորման գործունեությունը

Գերմանիայի ՆԳՆ-ն արգելեց իսլամիստների «Ճշմարիտ կրոն» միավորման գործունեությունը

Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) ներքին գործերի նախարարության ղեկավար Թոմաս դե Մեզիերը կարգադրել է արգելել սալաֆիթյան ուղղության իսլամիստների «Ճշմարիտ կրոն» միավորման գործունեությունը եւ Գերմանիայի քաղաքներում Ղուրանի տարածման՝ նրանց կողմից կազմակերպվող ակցիաները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համապատասխան հայտարարությունը նա արել է նոյեմբերի 15-ին կայացած մամուլի ասուլիսում:

«Արգելքը դաշնային եւ երկրամասային մակարդակներում իրավապահ մարմինների համագործակցության արդյունքն է»,- ասել է դե Մեզիերը՝ նշելով, որ կազմակերպությանը կասկածում են ահաբեկիչներին աջակցելու մեջ: «Ճշմարիտ կրոն» միավորումը շուրջ 140 մարդ է հավաքագրել ահաբեկիչների շարքերը, հայտնել է դե Մեզիերը:

«Ամբողջ երկրում այս միավորումը իսլամի տարածման եւ իբր Ղուրանի թարգմանությունների անմեղ բաժանման պատրվակով հավաքել է իսլամիստների»,- ասել է նա:

«Մինչ օրս շուրջ 140 երիտասարդներ, որոնք մասնակցել են «Ընթերցիր» (Ղուրանի թարգմանությունների ընթերցման եւ բաժանման) ակցիային, մեկնել են Սիրիա եւ Իրաք, որպեսզի այնտեղ միանան ահաբեկչական խմբավորումների պայքարին»,– նշել է դե Մեզիերը: Նոյեմբերի 15-ին ավելի վաղ իրավապահ մարմինները տասը դաշնային երկրամասերում ընդգրկուն գործողություն են իրականացրել իսլամիստների դեմ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում