Տիգրան Մանսուրյանին նվիրված համերգին հնչելու են նոր ստեղծագործություններ

Տիգրան Մանսուրյանին նվիրված համերգին հնչելու են նոր ստեղծագործություններ

ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, մաեստրո Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական երեկոն տեղի կունենա նոյեմբերի 18-ին Գյումրու «Սև բերդ» ամրոցում: Այս առիթով լրագրողների հետ հանդիպեցին համերգի մասնակիցներն ու կազմակերպիչները: «Գյումրու համերգն ինձ համար շատ նշանակալի է և կարևոր, քանի որ արմատներով այնտեղից եմ և լավ հիշողություններ ունեմ: Համերգի առաջին մասում ներկայացված ստեղծագործություններից շատերն առաջին անգամ կհնչեն Հայաստանում, իսկ երկրորդ մասում կներկայացվի «Ռեքվիեմը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Տիգրան Մանսուրյանը:

Կոմպոզիտորն ասաց, որ կարևորում է Հասմիկ Պապյանի և Ռոբերտ Մլքեյանի հետ համագործակցությունը: «Միշտ վայելել եմ Պապյանի` մեծ մարդու բարեկամությունը, որը համերգին կկատարի «Զուգահեռ երգեր» ծավալուն գործը, իսկ Մլքեյանի հետ վաղուց ենք աշխատում և նա մեծ դեր է խաղացել իմ «Ռեքվիեմի» կայացման գործում»,– շեշտեց Մանսուրյանը:

Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանի խոսքով` իր և գյումրեցիների միջև հոգևոր կապ կա: «Մանկությունս անցել է Գյումրիում և ուրախ եմ, որ համերգն այնտեղ է կայանալու: «Զուգահեռ երգերը» կատարել եմ աշխարհի տարբեր քաղաքներում»,– ասաց երգչուհին:

Դիրիժոր Ռոբերտ Մլքեյանն ընդգծեց, որ 30 տարի համագործակցում է Տիգրան Մանսուրյանի հետ: «Հիանալի է, որ Հայաստանում նման կոմպոզիտոր կա: Երկար տարիներ աշխատել եմ Գյումրիում, և այս քաղաքն իմ, որպես մասնագետ, կայանալու գործում մեծ դեր է խաղացել: Հաճելի կլինի կրկին ելույթ ունենալ Գյումրու հանդիսատեսի առաջ»,- ասաց դիրիժորը:

Երաժիշտները զրույցի ընթացքում անդրադարձան հայաստանյան երաժշտական դաշտում առկա անճաշակությանը:

«Արվեստում պետք է խուսափել շուկայական հարաբերություններից, քանի որ շուկան հաշվի չի նստում բարձր արվեստի, արժեքի հետ»,- շեշտեց Տիգրան Մանսուրյանը:

Հասմիկ Պապյանի կարծիքով` անճաշակության դեմ պայքարի միակ ձևը հեռուստաեթերից անորակ ու ցածրորակ երաժշտությունը հանելն է, իսկ Ռոբերտ Մլքեյանն ընդգծեց, որ նմանատիպ երաժշտության դեմ պայքարելը շատ դժվար է, քանի որ այն էժան է և դյուրամարս:

Գյումրիում կայանալիք համերգին մասնակցում են` Հայաստանի պետական կամերային երգչախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան, Հայաստանի պետական կամերային նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան, Երևանի պետական կամերային երգչախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Հարություն Թոփիկյան, Գյումրու «Տիրամայր Հայաստանի» երգչախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան: Մենակատարներ` երեկոյի հատուկ հյուր, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյան, Հենրիետտա Հարությունովա, Հովհաննես Գրիգորյան, Յանա Դարյան, Արթուր Ավանեսով:

Համերգը կազմակերպվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում