«Արցախգազ»-ը գազի սակագների վերանայման հայտ է ներկայացրել կարգավորման հանձնաժողով

«Արցախգազ»-ը գազի սակագների վերանայման հայտ է ներկայացրել կարգավորման հանձնաժողով

«Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերությունը դիմել է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով` ԼՂՀ-ում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Արցախգազ»-ն առաջարկել է մինչև 10.000 խմ սպառողների համար գործող 146.7 դրամ սակագինը նվազեցնել մինչև 139 դրամ:

Փոփոխություններ են առաջարկվել նաև 10.000 խմ և ավելի սպառողների համար գործող 257,56 ԱՄՆ դոլար սակագնի նվազեցման վերաբերյալ: Նախ, ներկայացված հայտի համաձայն, ընկերության կողմից սահմանվում են նոր սպառողական խմբեր: Մասնավորապես, ջերմոցային տնտեսություններին նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի`յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման բանաձև է առաջարկվում՝ Pջ = 212 * E, որտեղ` Pջ-ն ջերմոցային տնտեսություններին նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ վաճառվող բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ/հազար խորանարդ մետր)՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը, E-ն յուրաքանչյուր հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված մեկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքի մեծությունն է։

Վերամշակող կազմակերպություններին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի՝ յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման բանաձև է առաջարկվում ՝ Pվ = 212 * E, որտեղ` Pվ—ն վերամշակող կազմակերպություններին վաճառվող բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ/հազար խորանարդ մետր)՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը:

Իսկ ամսական 10,0 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի` յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման բանաձև է առաջարկվում ՝ P = 242.1 * E, որտեղ` P-ն 10,0 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ/հազար խորանարդ մետր)՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը։

ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը հայտնել է, որ հայտն արդեն վերցվել է ուսումնասիրության: Աղբյուրի հաղորդմամբ՝ առաջիկայում Հանձնաժողովը կկազմակերպի քննարկումներ «Արցախգազ» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման նպատակով:

Այս տարի «Արցախգազ» ՓԲԸ-ն արդեն երկրորդ անգամ է հայտ ներկայացնում ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով՝ բնական գազի վաճառքի սակագների վերանայման նպատակով:

Հուլիսի 25-ին ներկայացված հայտի համաձայն սեպտեմբերի 1-ից հանրապետությունում բնական գազի սակագները մինչև 10.000 խմ սպառողների համար 156 դրամից նվազել են մինչև 146.7 դրամ, իսկ 10.000 խմ և ավելի սպառողների համար 276,98 ԱՄՆ դոլարից դարձնել է 257,56 դոլար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում