Սեւանա լիճ թափվող 5 գետում այս տարի բաց է թողնվել Սեւանի իշխանի շուրջ 921 հազար մանրաձուկ

Սեւանա լիճ թափվող 5 գետում այս տարի բաց է թողնվել Սեւանի իշխանի շուրջ 921 հազար մանրաձուկ

«Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի կողմից 2015-2016 թվականների ընթացքում աճեցվել եւ Սեւանա լիճ է բաց թողնվել Սեւանի իշխանի շուրջ մեկ միլիոն հարյուր վաթսուն հազար հատ մանրաձուկ: Բացի այդ, 2016 թվականի ընթացքում նույն հիմնադրամի կողմի ց աճեցվել եւ Սեւանա լիճ թափվող 5 գետում բաց է թողնվել շուրջ 921 հազար հատ Սեւանի իշխանի մանրաձուկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի մամուլի պատասխանատու Լիլիթ Կարապետյանը, 2016 թվականին մանրաձկների բացթողնմանը նախորդել են հիմնադրամի կենսաբանների կողմից ձկների բացթողնման հետ կապված միջազգային եւ տեղական փորձի մանրակրկիտ ուսումնասիրություն եւ գիտարշավների իրականացում դեպի Սեւանի իշխանի հիմնական ձվադրավայր հանդիսացող գետերը: Գիտարշավներ իրականացնող աշխատանքային խմբում ընդգրկված են Հայաստանի Հանրապետության տվյալ ոլորտի լավագույն փորձագետ-մասնագետներ ինչպես ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայից, այնպես էլ՝ այլ կառույցներից:

«Գիտարշավների ընթացքում մասնագետները ուսումնասիրել են ձկների բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ գետերի ջրի կենսաբանական եւ ֆիզիկաքիմիական կարեւորագույն ցուցանիշներ, ինչպիսիք են՝ ջերմաստիճանը, ջրի հագեցվածությունը թթվածնով, ջրի հոսքի արագությունը, բնահողի բնույթը, գետերում մանրաձկների համար թաքստոցների առկայությունը, ջրային բույսերի քանակը, կերային բազան եւ այլն: Բոլոր ստացված տվյալները արձանագրվել են, վերլուծվել, որոնց արդյունքում 2016 թվականին մանրաձկների բաց թողնման համար ընտրվել են 5 գետ՝ Կարճաղբյուր, Լիճք, Ծակքար եւ Մասրիկ: Այս տարվա հունիս-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում մեր հիմնադրամը վերոնշյալ գետերում բաց է թողել Սեւանի իշխանի «Գեղարքունի» եւ «Ամառային իշխանի» ենթատեսակներին պատկանող շուրջ 920 հազար հատ մանրաձուկ»,-հավաստեց Լիլիթ Կարապետյանը:

Մանրաձուկը բաց է թողնվել չորս խմբաքանակներով: Առաջին խմբաքանակը՝ 4.9-5.5 սմ երկարությամբ եւ 0.7 գրամ միջին զանգվածով, 201500 հատ Սեւանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի մանրաձուկ բաց է թողնվել հունիսի 7-ին Կարճաղբյուր գետի միջին հոսանքում: Երկրորդ խմբաքանակը՝ 4.0-5.5 սմ երկարությամբ եւ 0.65 գրամ միջին զանգվածով, 221076 հատ Սեւանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի մանրաձուկ բաց է թողնվել հունիսի 20-ին Կարճաղբյուր գետի ստորին եւ Լիճք գետի միջին հոսանքներում: Երրորդ խմբաքանակը՝ 2.5-3սմ երկարությամբ եւ 0.07 գ. միջին զանգվածով 282900 հատ Սեւանի իշխանի «Ամառային» ենթատեսակի մանրաձուկ բաց է թողնվել այս տարվա հուլիսի 11-ին Ծակքար եւ Բախտակ գետերի միախառնման հատվածում: Չորրորդ խմբաքանակը՝ 3.0 սմ երկարությամբ եւ 0.23 գրամ միջին զանգվածով, 215217 հատ Սեւանի իշխանի ամառային ենթատեսակի մանրաձուկ բաց է թողնվել այս տարվա սեպտեմբերի 16-ին Մասրիկ գետի ստորին հոսանքում:

Հիմնադրամի կողմից իրականացվող չափազանց կարեւոր աշխատանքներից է նաեւ պարբերական գիտարշավների կազմակերպումը, ինչը միտված է բաց թողնված մանրաձկների մշտադիտարկումների իրականացմանը, որի ընթացքում հաշվառվում եւ հետազոտվում են բաց թողնված մանրաձկների կենսաբանական առանձնահատկությունները եւ գետերի էկոլոգիական վիճակը: «Այդ մշտադիտարկումների ժամանակ ձկները որսվել են հատուկ մանր բջիջներ ունեցող ցանցի օգնությամբ: Այնուհետեւ որոշվել է որսված մանրաձկների զանգվածը, երկարությունը, սննդառության առանձնահատկությունները եւ գնահատվել է 1քմ տարածքում առկա մանրաձկների քանակը, ինչից հետո ձկները նորից բաց են թողնվել բնական միջավայր: Արձանագրված ձեւաչափական ցուցանիշների հիման վրա կատարված վերլուծությունը հաստատել է, որ կենսապայմանները հիմնականում բարենպաստ են Սեւանի իշխանի մանրաձկների գետային բնակության փուլի համար»,- մանրամասնեց Լիլիթ Կարապետյանը:

Ըստ նույն հիմնադրամի կենսաբան-ձկնաբան Անուշ Առաքելյանի՝ Սեւան թափվող գետեր բաց թողնված մանրաձկան խմբերը ձմռանը կվերադառնան լիճ: Դրանց կուտակումները նոյեմբեր ամսից երեւում են գետաբերաններում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում