ԱՄՆ-ի Սենատ օրինագիծ է մտցվել նախագահի ուղղակի ընտրությունների մասին

ԱՄՆ-ի Սենատ օրինագիծ է մտցվել նախագահի ուղղակի ընտրությունների մասին

ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգից դեմոկրատ-սենատոր Բարբարա Բոքսերը նոյեմբերի 16-ին Կոնգրեսի Սենատի քննարկմանն է ներկայացրել նախագահին ընտրելիս ԱՄՆ-ում գործող քվեատուների կոլեգիայի ինստիտուտի վերացման մասին օրինագիծը: Օրենսդրի կարծիքով՝ ընտրությունների այդ համակարգը հնացած է, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Երկրի ղեկավարին ընտրելու ամերիկացի քաղաքացիների իրավունքը քվեատուներին պատվիրակելու նպատակահարմարության շուրջ վաղեմի բանավեճը ավելի է թեժացել նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում անցկացված նախագահական ընտրություններից հետո: Դրանցում հաղթանակ է տարել Հանրապետական կուսակցությունից թեկնածու Դոնալդ Թրամփը, որը, ընտրությունների նախնական արդյունքների համաձայն, ապահովել է 290 քվեատուների աջակցությունը: Նրա մրցակիցը՝ դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնը, ստացել է 232 քվեատուների ձայները, բայց, ըստ նույն հաշվարկների, նրա օգտին գրեթե 1 միլիոնով ավելի ընտրողներ են քվեարկել եւ, եթե չլիներ քվեատուների ինստիտուտը, նա նախագահ կընտրվեր:

Առաջարկված օրինագիծը, ինչպես նշում են տեղի մեկնաբանները, ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից հավանության արժանանալու գործնականում ոչ մի շանս չունի, նրա երկու պալատները վերահսկում է նախագահական ընտրություններում հաղթած թեկնածուի կուսակցությունը: Բայց նույնիսկ եթե նշված նախաձեռնությունը ստանար էլ օրենսդիրների հավանությունը, դրան պետք է աջակցություն հայտներ ԱՄՆ-ի նահանգների երեք քառորդը, քանի որ խոսքը վերաբերում է երկրի Սահմանադրության մեջ ուղղումներ կատարելուն: Իսկ այդ գործընթացն առնվազն յոթ տարի է տեւում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում