Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Բաղանիսում կրակոցները նվազել են

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Բաղանիսում կրակոցները նվազել են

Փամփուշտներով լի տոպրակը անցած տարվանից է Բեգլարյանների տանը: Տասնհինգն էլ մեկ օրում հավաքեցին: Կոտրած ապակիները պատով փոխարինեցին, բայց թափված ծեփն ու ճաքերը դեռ երկար կպատմեն ադրբեջանական դիրքերից գյուղ հասած կրակահերթի մասին: «Նենց կրակոցներ ա լինում, որ չես կարա տանից դուրս գաս: Ավելի լավ ա, տանը մնաս, վիրավորվես թեկուզ, քան թե քան դուրս գաս, ավելի վատ կլինի»,-պատմում է բաղանիսցի Սոնա Բեգլարյանը:

Ամենօրյա վտանգը բաղանիսցուն ստիպել է ունենալ սեփական ապահով սենյակը: Գյուղում մեծից փոքր գիտեն ինչպես, որտեղ և ինչքան պատսպարվեն կրակոցներից: Տիկին Սոնան ասում է, որ հիմնականում կրակում են երեկոյան 9-12-ի հատվածը, վերջին տարիներին նաև գիշերվա երեքը: Ապրիլյան քառօրյայից հետո գյուղը համեմատաբար հանգիստ է ապրում: «Էս տարի կրակոց քիչ ա եղել, դրանից առաջ երբ էլ ուզին կկրակեին, քեֆները իրանցն ա, գիտենք, որ կրակոց կա, ամեն քայլափոխի կարան կրակեն»,-պատմում է սահմանամերձ բնավայրում ապրող կինը:

Տավուշի մարզի Բաղանիս գյուղում համարյա բոլոր տներն են վտանգված: Ադրբեջանական դիրքերի ու տան հեռավորությունը ուղիղ գծով երբեմն չի գերազանցում անգամ մեկ կիլոմետրը: Լարիսա Գրիգորյանի ընտանիքը ութսունականների վերջին անավարտ թողեց գյուղի ծայրին կառուցվող տան շինարարությունն ու տեղափոխվեց համեմատաբար ապահով, բայց ավելի հին տուն: Հակառակորդի գնդակից բաղանիսցին ապահովագրված չէ և ոչ մի տեղ, հատկապես բաց տարածության դեպքում: «Հասա էստեղ, հո չեն կրակում, հենց ինձ պիտի կպչի, բայց ամաչեցի պառկեմ, ուսուցիչ մարդ եմ, ոնց պառկեմ, ասեցի ինչ էլ ուզում ա լինի պիտի քայլեմ մինչև տուն: Դե որ տուն ես հանում արդեն համեմատաբար ապահով ես զգում»,-վերջին կրակոցների մասին պատմում է հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին:

Լարիսա Գրիգորյանը տարհանման հանձնաժողովի նախագահն է: Երեխաների հետ մեկ անգամ չէ, որ հաղթահարել է կրակոցների վախը: Բաղանիսի դպրոցից ու հատկապես ֆուտբոլի խաղահրապարակից ադրբեջանական դիրքերն անզեն աչքով են երևում`ուղիղ գծով հեռու են մեկ կիլոմոմետր: Դպրոցի շենքը նորոգվել է, բայց փամփուշտների տեղեր ցանկացած աշակերտ ցույց կտա: Վերջին անգամ կրակել են անցած ուսումնական տարում: 

Մեկ տարի է` երեխաների համար ստեղծվել է անվտանգ սենյակ, որտեղ կարող են պատսպարվել 3-4 ժամ: Սենյակի կահավորումը Կարմիր խաչի միջազգային կոմիտենինն է Սենյակից օգտվելու անհրաժեշտություն, բարեբախտաբար, չի եղել: «Եթե դասի ժամանակ են կրակոցներ լինում, անմիջապես երեխաներին հավաքում ենք դասասենյակների ապահով անկյուն. պատուհաններից հեռու ենք պահում»,-նշում է տիկին Գրիգորյանը:

Բաղանիսում քչեն են մնում, գնացողների սիրտն էլ մինչև վերջ չի կտրվում գյուղից: Ռուսաստաբնակ բաղանիսցիները հաճախ են ընտանիքով ամռանը գյուղ գալիս, երբեմն նույնիսկ մեկ երկու տարով երեխաներին դպրոց են ուղարկում այստեղ: Բեգլարյանների զավակներից ոչ մեկը հայրական տանը չի մնացել, բայց կապը հայրենի գյուղի հետ կա: Ադրբեջանական կրակահերթի տակ ապրելու վտանգը անգամ նրանք են զգացել սեփական մաշկի վրա: «Անցած տարի տղես ու հարսս ստեղ էին: Հարս էստեղից չի, չէր պատկերացնում: Որ կրակոցները սկսեցին.. էս պատուհանի տակին պեծեր էին տալիս: Էս պատի տակին կուչ եկանք մինչև ժամը 11-ը»,-հիշում է տիկին Սոնան:

 

Բաղանիսի բնակիչները հողերի մեծ մասն անմշակ են թողնում կամ էլ ինչպես իրենք են ձևակերպում, թուրքի բերանի հողը թաքուն, կյանքի գնով են մշակում: Հասկանալի է, որ անասնապահությունն էլ տուն պահելու տարբերակ չէ. արոտավայրեր չկան: Արտագնա աշխատանքը 800 ավելի բնակչություն ունեցող գյուղի համար ապրուստի հիմնական միջոցներից մեկն է: Բաղանիսցի տղամարդիկ նաև պայմանագրային զինծառայությունն են որպես հիմնական աշխատանք դիտարկում:

«Որ տուն մտնես երկու ծեր ա կուչ եկած պատի տակին: Ոնց 50 տարվա աշխատանքդ թողնես գնաս կամ էլ որ մեկս թողնի գնա: Մենք մեր սահմանը պիտի պաշտպանենք սա ա մեր տուն տեղն ու հողնու ջուրը»,-կրակոցների ու կրած դժվարությունների մասին պատմությունները բաղանիսցիներն ի վերջո այսպես են ավարտում:

Քաղցրահամ սուջուխներ համարյա ամեն բաղանիսցու տանը տարվա այս եղանակին կգտնես: Նոյեմբերյան տաք արև, անտառապատ սարեր ու մաքուր օդ: Բաղանիս եկածին գյուղը հանգստավայր է թվում. միայն թե քիչ հեռվում երևացող հակառակորդի դիրքերը հուշում են. խաղաղությունդ ամեն րոպե կարող է խաթարվել:

 

Անահիտ ՓԻԼՈՍՅԱՆ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում