Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրի հարցը կքննարկվի ԵԱՏՄ ղեկավարների առաջիկա հանդիպմանը

Հայաստանը՝ որպես Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր, հանդես է եկել Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագիր պատրաստելու նախաձեռնությամբ: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստի ընթացքում այս մասին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի զարգացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ Սադան Ասենսեիտովան:

«Համապատասխան հետազոտական խումբը, որը բաղկացած է միության անդամ երկրների քաղաքացիներից, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամներից, ինչպես նաև Իրանի ներկայացուցիչներից, դիտարկել է նման հնարավորությունը և արդեն հռչակագիր է պատրաստել: Մեր հաշվարկներով մենք Իրանի հետ նման համաձայնագիր ստորագրելու արդյունքում ցանկացած պարագայում օգուտ ենք ստանում: Սպասվում է, որ մենք կավելացնենք արտահանումը Իրան ավելի քան 70 տոկոսով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Ասենսեիտովան հայտնեց նաև, թե ինչ հնարավորություններ կստանա Հայաստանը Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքման պարագայում: Նրա խոսքով՝ Հայաստանն այդ դեպքում հնարավորություն կունենա 33 անգամ ավելացնել Իրան արտահանման ծավալները և 20 տոկոսով ավելացնել Իրանից ներմուծման ծավալները: «Հայաստանի կարևոր դերն այստեղ կայանում է նաև նրանում, որ դա միակ երկիրն է միության անդամ երկրներից, որ սահման ունի Իրանի հետ: Այստեղ հնարավորություն կա իրացնելու տրանսպորտային պոտենցիալը՝ օգտագործելով Իրանը Պարսից ծոց դուրս գալու համար: Իսկ Իրան ն էլ Հայաստանի միջոցով կկարողանա դուրս գալ Եվրասիական տնտեսական միության շուկա: Ես տեղյակ եմ, որ վերջերս Հայաստանի և Իրանի մաքսային մարմինների միջև համաձայնագիր է ստորագրվել, որով երկու երկրների միջև մաքսային գործընթացները հեշտացվել են: Կարծում եմ, որ սա նույնպես կարևոր նշանակություն ունի»,- նշեց նա:

Դեկտեմբերին ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը նախատեսվում է քննարկել Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցություններ սկսելու հարցը: «Եթե այն ընդունվի երկրների ղեկավարների կողմից, ապա Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման բանակցություններին մեկնարկ կտրվի»,- եզրափակեց Սադատ Ասենսեիտովան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում