Ու՞ր է «Արմենիա» ավիաընկերությունը՝ իր խոստումներով

«Արմենիա» ավիաընկերության կասկածելի գործարքը Հայաստանում կիսատ մնաց՝ ի փրկություն ժողովրդի։ Սնանկացման գնացող կազմակերպությունը, որպես փրկօղակ, կառչում էր Հայաստանում ավիացիայի ոլորտում առկա անորոշությունից:

Ելակետ լրատվականը (Yelaket.am) բազմիցս անդրադարձել է, որ «Արմենիա» ավիաընկերության մուտքը Հայաստան կարող է կապված լինել Վրաստանում մրցակցության սրման հետ, որի հետևանքով Airzena-ի օդանավերը պարապուրդի մեջ են։ Հայտնի է, որ հենց այս օդանավերն է շահագործելու «Արմենիան»: Նրանց օդանավերի պարապությունը պայմանավորված էր նրանով, որ Թիֆլիսում ցածր գներով ավիաընկերությունները շատացել են և վերջիններս հնարավորություն չեն ունենա կանգնելու համար ամսավճար տալու, ուզում են ընդլայնել աշխարհագրությունը հայկական շուկայի հաշվին և Հայաստան կտեղափոխեն իրենց պարապության մատնված և շահագործված օդանավերը։

Այո՛, «Արմենիա»-ն շուկա մուտք գործեց բավական հին օդանավերով և առանց միջազգային IOSA անվտանգության արտոնագրի։ «Արմենիա»-ն Հայաստան եկավ շատ կոնկրետ նպատակով, ինչպես կանխատեսել էինք՝ մարդկանց «քցելու» միջոցով իր ունեցվածքի մի մասը սնանկացումից փրկեց ու գնաց, չմոռանանք, որ տարբեր ուղղություններով կանոնավոր թռիչքներ խոստացող ավիաընկերությունը մեր երկրում աշխատեց միայն ամռան ամիսներին և չարտերային ծրագրով՝ չկատարելով խոստումը։ Այսինքն, ավիաընկերությունը թռիչքներ իրականացնում է միայն այն ժամանակ, երբ դա ֆինանսապես իրեն շատ ձեռնտու է։ Որքան էլ գործում, է բաց երկնքի քաղաքականությունը, բայց ավիաընկերության այս պահվածքը կոպիտ խախտում է, որի վրա աչք են փակում պատկան մարմիներն ու Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը։

Վերջինս հանդես գալով հայտարարությամբ, ասել էր որ սկզբունքորեն համաձայն չէ ռուսական ընկերությունների կողմից ոլորտում «մենաշնորհի» մասին ձևակերպումների հետ ու, որ բացառված է, որ ավիաընկերությունից կաշառք պահանջեն հայկական ավիացիոն շուկա դուրս գալու համար։ Այն բաց է բոլոր ավիաընկերությունների համար։

Բայց վարչության պետը, կարծես թե, իրար է խառնել բացն ու բարցիթողին։ Հայաստանի ավիաոլորտ է ներխուժում մի ընկերություն, որն ունի պարտքեր, որը շահագործման է բերում հին օդանավեր, որն անվանում է իրեն «Արմենիա», բայց «Արմենիայի» ներսում սպառում վրացական սնունդ՝ նպաստելով վրացական բիզնեսի զարգացմանն ու վրացականի տարածմանը… Իսկ քաղավիացիայի վարչության պետը «հաճելիորեն» լռում է, կամ աչք փակում։

Սերգեյ Ավետիսյանի հայտարարությունը, որ հայկական ավիացիոն շուկան բաց է բոլոր ավիաընկերությունների համար իրականում վտանգավոր է՝ իր բոլոր հետևանքներով։

Նշենք, որ դեռևս Մարտի 9-ին Երևանում հրավիրված ասուլիսի ընթացքում Վրացի գործարար Թամազ Գաիաշվիլին իր հայաստանյան գործընկերների հետ միասին հայտարարեց նոր հայկական ուղևորափոխադրող ավիաընկերության հիմնադրման մասին, որում ներդրված է նաև վրացական կողմի կապիտալը։ Մամուլի ասուլիսի հիմնական խոսնակն էր Թամազ Գաիաշվիլին, ով իր խոսքը կառուցել էր հիմնականում ՀՀ կառավարությանն ուղղված պահանջների և նախապես տարածված ու չհիմնավորված գնային քաղաքականության հիման վրա։ «Գներն արդեն հրապարակել ենք՝ 49 դոլար կլինի նվազագույնը»,- ասուլիսի ընթացքում ասել էր «Արմենիա» ավիաընկերության բաժնետեր Թամազ Գաիաշվիլին և հավելեց, որ գները կլինեն այնպիսին, որ հայերն առանց խնդիրների կկարողանան տոմսեր գնել և թռչել այնտեղ, որտեղ ուզում են:

«Այնպիսի ծառայություն կմատուցենք, որ մրցունակ լինենք մյուս ավիաընկերությունների հետ»: Թամազ Գաիաշվիլին նաև նշեց, որ Հայաստանի իշխանությունները պետք է աջակցեն իրենց:

Եվս մեկ անգամ սխալվեցին Հայաստանի իշխանությունները՝ վտանգելով հասարակության կյանքը, եթե ո՛չ, ու՞ր է «Արմենիա» ավիաընկերությունը՝ իր խոստումներով։  

Yelaket.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում