2017-ի տնտեսական աճի ցուցանիշը փոխնախարարը կապում է դրա հիմքում ընկած կանխատեսումների վարքագծի հետ

2017 թվականին ակնկալվող տնտեսական աճի ցուցանիշը կախված է նրանից, թե ինչ վարքագիծ են դրսեւորելու բոլոր այն կանխատեսումները, որոնք ընկած են կանխատեսվող 3,2 տոկոսի հիմքում: Դրանից կախված՝ ցուցանիշը կարող է լինել կանխատեսվողից ավել, կամ պակաս: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցի ժամանակ նշեց, ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը: Նրա խոսքով` 2017 թվականին նախատեսված տնտեսական ակտիվության 3,2 տոկոսանոց աճը հնարավոր է գերազանցվի կամ ոչ:

«Այդ ցուցանիշը հիմնավորված էր, բացատրված էր, թե ինչով է պայմանավորված կանխատեսումը: Վերջինիս համար վերցված էր համապատասխան ցուցանիշների վարքագծի կանխատեսման որոշակի ենթադրություն, որի արդյունքում գնահատականն այնպիսին է, որ մենք պետք է ունենանք 3,2 տոկոս տնտեսական աճ: Ի՞նչ կունենանք արդյունքում` կյանքը ցույց կտա: Իհարկե, հնարավոր է դրանից ավել լինի, բայց հակառակի մասին մտածելը նույնպես տեղին է»,- ասաց նա:

Փոխնախարարի դիտարկմամբ՝ աճը կարող է նաև կանխատեսվող ցուցանիշից պակաս լինել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում