Մերձավոր Արևելքում հայկական համայնքների կորուստները շատ մեծ են ու դժվար վերականգնվող

Վերջին տասնամյակներում հայկական համայնքների գոյապահպանության խնդիրը սուր է դրված Մերձավոր Արևելքում: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հայագիտական կենտրոնի ավագ փորձագետ Վահրամ Հովյանը:

«20-րդ դարի կեսից սկսած աշխարհի ամենաթեժ տարածաշրջանը հենց Մերձավոր Արևելքն է: Այստեղ տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, մասնավորապես, արաբա-իսրայելական պատերազմը, Լիբանանի քաղաքացիական պատերազմը, Սիրիայի, Եգիպտոսի ներքաղաքական ցնցումները, Թուրքիայի զինվորական հեղաշրջումները, արաբական գարունը: Ահա տարբեր երկրներում ներքին, արտաքին ցնցումներն իրենց բացասական ազդեցությունն են թողնում հայ համայնքների վրա: Ավերվում են նրանց գույքը, մշակութային ժառանգությունը, եկեղեցիները, դպրոցները»,-ասաց Վահրամ Հովյանը: Նրա խոսք ով, ամենավտանգավորն այն է, այդ ամենը հանգեցնում է մեծամասշտաբ արտագաղթի հայ համայնքի շրջանում:

Մեծ թվով մեր հայրենակիցներ իրենց երկրից գաղթում են և փորձում հաստատվել արևմտյան պետություններում: Վահրամ Հովյանի խոսքով, եթե Պարսից ծոցի առաջին պատերազմից առաջ Քուվեյթում ապրում էր 25 հազար հայ, ապա դրանից հետո այդ թիվը 5 անգամ նվազել է: 1970-ական թվականներին Լիբանանում բնակվող հայերի թիվը կազմում էր 300 հազար, այսօր այդ թիվը շուրջ 100 հազար է: 70-ականներին Սիրիայում ապրում էր 200 հազար հայ, մինչ արաբական գարունն արդեն 70 հազար հայ էր բնակվում, արաբական գարունից հետո այդ թիվը ևս զգալիորեն կրճատվեց: Այսօր հայաշատ Հալեպում խոսվում է 10 հազ ար հայի մասին (լավագույն հաշվարկներով):

Վահրամ Հովյանը նշեց, որ հեղափոխությունից հետո մեծ կորուստ կրեց Իրանի հայ համայնքը: Մինչ հեղափոխությունն այնտեղ ապրում էր 300 հազար հայ, այսօր խոսվում է 100 հազարի մասին: Այդ գործընթացներից զերծ չմնաց նաև Իրաքը: Մինչ արաբական գարունը, այնտեղ գտնվող շուրջ 20-հազարանոց համայնքից այսօր մնացել է մի քանի հազարը: Վահրամ Հովյանը նկատեց, որ արաբական գարունով, տարբեր ժամանակներում պատերազմներով պայմանավորված՝ հայկական համայնքներում կորուստները շատ մեծ են, դրանք դժվար վերականգնվող են:

Հայերի թվի կրճատման գործընթացից զերծ չէ նաև Թուրքիայի համայնքը: Պատճառներից են ներքաղաքական զարգացումները, ռազմական հեղաշրջումները, սակայն, ըստ փորձագետի, ոչ պակաս ազդեցություն ունի հայատյացությունը:

«Այստեղ միշտ հայերի նկատմամբ եղել են հալածանքներ, սահմանափակումներ: Թուրքիայում առկա հայատյացությունն ավանդական բնույթ է կրում: Այդ ամենը հանգեցրել է տեղի հայերի քանակական ցուցանիշների նվազմանը: Այսօր խոսք է գնում Թուրքիայում ապրող 60-80 հազար հայի մասին»,-ասաց փորձագետը:

Վահրամ Հովյանը նշեց, որ հայատյացության դրսևորում առկա է նաև կրոնական հողի վրա: Դա այն երկրներում է, որտեղ վերելք է ապրում իսլամական ծայրահեղականությունը:

«Իհարկե, կոնկրետ հայությունը թիրախավորված չէ, դա ուղղված է քրիստոնեության դեմ, սակայն Մերձավոր Արևելքի երկրներում բնակվող քրիստոնյաների շրջանում հայերը զգալի տոկոս են կազմում, հետևաբար այդ ոտնձգությունները լինում են նաև հայերի նկատմամբ: Որպես օրինակ՝ Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը»,-հավելեց Վահրամ Հովյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում