Անկարայի դատախազությունը Սիրիայի քրդերի առաջնորդին կալանավորելու որոշում է կայացրել

Անկարայի հանրապետական դատախազությունը որոշում է կայացրել կալանավորել Սիրիայի քրդերի «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) համանախագահ Սալիհ Մուսլիմին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, կալանավորման մասին որոշումը կայացվել է Անկարայում փետրվարի 17-ին իրականացված ահաբեկչության հետաքննության շրջանակում:

Ընդհանուր առմամբ դատախազությունը կալանավորման որոշում է ընդունել 48 մարդու նկատմամբ, որոնց շարքում են նաև Քրդական բանվորական կուսակցության (PKK) առաջնորդներ Ջեմիլ Բայըքը, Մուրաթ Քարայըլանը և Ֆեհման Հուսեյնը:

2016 թվականի փետրվարի 17-ին զինվորական մեքենայի անցնելու ժամանակ պայթյուն էր իրականացվել Մերասիմ փողոցում կայանած պայթուցիկով բեռնավորված մեքենայի միջոցով: Կատարվածի հետևանքով 29 մարդ զոհվել էր, 60-ը` վիրավորվել: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր Քրդստանի ազատության բազեներ (TAK) կազմակերպությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում