ԱՄՆ-ը չպետք է այլ պետությունների կառուցման քաղաքականություն վարի. Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը չի կարծում, որ Միացյալ Նահանգները պետք է այլ պետությունների կառուցման եւ դրանցում վարչակարգերի փոփոխման քաղաքականություն վարի: Այս կարծիքը նա հայտնել է The New York Times թերթի լրագրողների հետ նոյեմբերի 22-ին կայացած հանդիպման ժամանակ, ընտրված նախագահի խոսքը Twitter-ի իր բլոգում զետեղել է հրատարակության լրագրողներից մեկը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Պատասխանելով Սիրիայի իրադրության վերաբերյալ հարցին՝ Թրամփը հակիրճ հայտարարել է, որ «մենք պետք է լուծենք այդ խնդիրը»: Նա նաեւ հավելել է, որ սիրիական հարցում իր դիրքորոշումը «տարբերվում է ուրիշների հայացքներից»:

Միեւնույն ժամանակ Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտարարել է պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հասնելու ցանկության մասին: «Ես կցանկանայի դառնալ այն անձը, ով հաշտության կհասնի Իսրայելի եւ պաղեստինցիների միջեւ, դա վիթխարի նվաճում կլիներ»,- Twitter միկրոբլոգների ցանցում նրա խոսքը մեջբերել է հարցազրույցի մասնակիցներից մեկը՝ Մայք Գրյունբաումը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում