Հրաչյա Ռոստոմյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ԼՂՀ և Սյունիք

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը նոյեմբերի 25-ին աշխատանքային այցով մեկնելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և ՀՀ Սյունիքի մարզ: Նախարարի գլխավորած պատվիրակության կազմում ԼՂՀ և Սյունիք են մեկնելու նաև նախարարության մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության, մարզական կազմակերպությունների և մանկապատանեկան սպորտի քաղաքականության, սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականութան վարչության պետերը, ինչպես նաև երիտասարդական քաղաքականության վարչության ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Այցի ընթացքում նախարարը հանդիպելու է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ: Քննարկվելու են ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդական քաղաքականության ոլորտներում հայկական երկու հանրապետությունների համագործակցության զարգացման հեռանկարները: Նախարար Ռոստոմյանը ԼՂՀ նախագահին և վարչապետին ներկայացնելու է մասսայական սպորտի և առողջ ապրելակերպի, ինչպես նաև սպորտի բարձրագույն նվաճումների և երիտասարդական քաղաքականության ոլորտներում Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ծրագրերը և հայաստանյան փորձի կիրառմամբ դրանք ԼՂՀ-ում իրագործելու համար անհրաժեշտ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցության հնարավոր տարբերակները:

Նախարարը մարզագույք է հանձնելու Արցախի մարզադպրոցներին, լինելու է նաև հանրակրթական դպրոցներում՝ ֆիզկուլտուրա առարկայի դասավանդման պայմաններին և դասաժամերի ընթացքին ծանոթանալու նպատակով։ Այցելելու է նաև ԼՂՀ-ում տեղակայված զորամաս:

ՀՀ Սյունիքի մարզում նախարարության պատվիրակությունը հանդիպելու է մարզի ղեկավարների և սպորտի ոլորտի պատասխանատուների հետ: Այցելելու է Կապան քաղաքի Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց, լինելու է Կապանի և Քաջարանի հանրակրթական դպրոցներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում