ԱՄՆ-ը «դուռը բաց է թողնում» Ռուսաստանի հետ երկխոսության համար. Պենտագոնի ղեկավար

ԱՄՆ-ը նոր սառը պատերազմի չի ձգտում Ռուսաստանի դեմ, բայց պաշտպանելու է «համաշխարհային կարգի սկզբունքները»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերի հոդվածում, որը հրապարակվելու է Լոնդոնի Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի 2016 թվականի դեկտեմբերի-2017 թվականի հունվարի հրատարակության մեջ:

«Միացյալ Նահանգները սառը պատերազմի չի ձգտում Ռուսաստանի դեմ, էլ չասած տաք պատերազմի մասին: Մենք թշնամի չենք փնտրում ի դեմս Ռուսաստանի, մենք երկար ժամանակ խաղաղ հարաբերություններ Էինք հաստատում,- գրում է Պենտագոնի ղեկավարը «Ուժեղ ու հավասարակշռված մոտեցում Ռուսաստանի նկատմամբ» վերտառությամբ հոդվածում:– Բայց ԱՄՆ-ը պաշտպանելու է իր դաշնակիցներին ու գործընկերներին, ինչպես նաեւ համաշխարհային կարգի ամրագրված սկզբունքները»:

11 Էջից բաղկացած իր հոդվածում Քարթերը պատմում է, որ սառը պատերազմի ավարտից եւ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո «Միացյալ Նահանգները, Ռուսաստանը եւ բազմաթիվ այլ երկրներ հաճախ էին միավորվում համաշխարհային կարգի ամրագրված սկզբունքներով առաջնորդվելու համար»: «Բայց վերջին տարիներին, ցավոք, Ռուսաստանի գործելակերպը փոխվեց»,- պնդում է նախարարը:

Որպես իր վարկածի ապացույցներ, Քարթերը նշել է Վրաստանի, Սիրիայի եւ Ուկրաինայի իրադրությունը, ինչպես նաեւ ռուսական «գրոհները կիբեռտարածությունում», «սպառազինությունների նկատմամբ հսկողության մասին եւ միջազգային այլ համաձայնագրերի խախտումը», «միջուկային զենք ճոճելը»: Այդուհանդերձ, ինչպես գրում է նախարարը, ԱՄՆ-ը «դուռը բաց է թողնում» Ռուսաստանի հետ երկխոսության համար:

«Հաշվի առնելով զգալի տարաձայնությունները՝ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի խորը համագործակցության հեռանկարները ներկայում սահմանափակված են, բայց Ռուսաստանը չափազանց մեծ, չափազանց ուժեղ եւ պոտենցիալ առումով չափազանց վտանգավոր է նրան անտեսելու կամ ամբողջովին մեկուսացնելու համար,– նշում է Քարթերը:- Միացյալ Նահանգները շարունակելու է Ռուսաստանի հետ համագործակցել այն դեպքերում, երբ նա դա կցանկանա, եւ երբ նրա շահերը կհամընկնեն միջազգային հանրակցության շահերի հետ»,– հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում