Վրաստանի նոր կառավարությունը կհաստատեն շաբաթվա վերջին
Նմանատիպ
Վրաստանի կառավարության նոր կազմին վստահություն հայտնելու հարցի շուրջ քվեարկությունը խորհրդարանում կկայանա նոյեմբերի 26-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է օրենսդիր մարմնի կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Խորհրդարանում արդեն ստացվել են Գեորգի Կվիրիկաշվիլիի գլխավորությամբ կառավարության անդամների թեկնածուների ցուցակը եւ ծրագիրը:
Պատգամավորները նախարարների պաշտոնի թեկնածուների հետ կոմիտեական լսումների ձեւաչափով հանդիպումներ կսկսեն նոյեմբերի 24-ից: Նոյեմբերի 25-ից նրանք հանդես կգան խմբակցությունների առջեւ, իսկ նոյեմբերի 26-ին կանցկացվի խորհրդարանի արտահերթ նիստ, որում պատգամավորները պետք է քվեարկեն կառավարության նոր կազմի շուրջ: Կվիրիկաշվիլին որոշել է ապագա կառավարության կազմում թողնել նախկին նախարարների մեծ մասին: Փոփոխությունները վերաբերել են միայն տնտեսական բլոկին:
Վրաստանի՝ Գեորգի Կվիրիկաշվիլիի գլխավորությամբ կառավարությունը լիազորությունները վայր էր դրել նոյեմբերի 18-ին, իններորդ գումարման խորհրդարանի լիազորությունների ճանաչումից հետո: Հաջորդ օրը նախագահը ներկայացրեց կառավարող կուսակցության կողմից վարչապետի պաշտոնի համար ընտրված Կվիրիկաշվիլիի թեկնածությունը:
«Ներկայացված է շատ արժանի թիմ եւ փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել կաբինետում, համապատասխանում են այն գերակայություններին, որոնք շեշտադրված են մեր նախընտրական ծրագրում:
Կոնսուլտացիաները խորհրդարանական ձեւաչափերով կանցկացվեն այս շաբաթվա ընթացքում, եւ մենք կաշխատենք նախարարների կաբինետի նոր կազմը հաստատել առաջիկա օրերին»,- ասել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Արչիլ Թալակվաձեն՝ հանդես գալով «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում:
Մինչդեռ խորհրդարանական ընդդիմությունը չի պաշտպանելու նախարարների կաբինետի նոր կազմին: «Չորս տարվա ընթացքում այդ մարդիկ չկարողացան հասնել դրական արդյունքների, չկարողացան երկիրն առաջ տանել եւ չկարողացան կատարել այն խոստումները, որոնց բնակչությունն սպասում Էր 2012 թվականի ընտրություններից հետո: Ուստի ոչ մի հիմք չկա ենթադրելու, որ 2016 թվականից հետո ինչ-որ բան կփոխվի»,- ասել է խորհրդարանական փոքրամասնության առաջնորդ Դավիթ Բաքրաձեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում