Շավարշ Քոչարյանը ներկայացրեց միջնորդ երկրների առաջնահերթ առաքելությունները ԼՂ հակամարտության կարգավորման հարցում

Վերջին օրերին Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հռետորաբանությունը վկայում է այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացն Ադրբեջանն այսքան ժամանակ որպես քող է օգտագործել և իրականում վարել է բոլորովին այլ քաղաքականություն: Նոյեմբերի 23-ին կայացած հարցազրույց-ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ հավելելով, որ հենց դա է պատճառը, որ տարիների ընթացքում բանակցային գործընթացում առաջընթաց չի արձանագրվել: «Ադրբեջանը փորձում է ցույց տալ, թե բանակցում է, սակայն իրականում այլ քաղաքականություն է վարում: Առաջին հերթին տարածում է իր քարոզչությունը, որը հիմնված է հակամարտության էությունն աղավաղելու վրա, թե այստեղ չկա ինքնորոշման խնդիր, այլ սա ընդամենը տարածքային վեճ է: Այսպիսով` Ադրբեջանը փորձում է պարարտ հող պատրաստել ապագա ռազմական լուծման համար»,– «Արմե նպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շավարշ Քոչարյանը:

Փոխնախարարը հավելեց, որ Ադրբեջանին միշտ թվում է, որ այն ընթացքում, երբ որ նավթային դոլարների շնորհիվ ինքն ավելացնում է իր ռազմական ներուժը, հայկական պետությունները թուլանում են ու առաջին հարվածից հետո պատրաստ են փախչել: «Սակայն ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ նրանք սխալվել են իրենց հաշվարկներում: Ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ ձախողվեց նրանց բլից-կրիգը, որը ցանկանում էին իրականացնել: Այլ բան է, որ այստեղ մենք էլ ենք ունեցել թերություններ, և մենք կատարում ենք քայլեր` դրանք շտկելու ուղղությամբ»,– ընդգծեց Քոչարյանը՝ վստահությո ւն հայտնելով, որ եթե Ադրբեջանը ևս մեկ նման գործողություն նախաձեռնի, հետևանքները նրա համար կարող են շատ ավելի վատ լինել:

Անդրադառնալով դիտարկմանը, թե համանախագահները շարունակում են անտեսել Ադրբեջանի կողմից հրադադարի պարբերական խախտման դեպքերը և հանդես չեն գալիս դատապարտող հայտարարություններով՝ Շավարշ Քոչարյանը նկատեց, որ հենց դրա համար է խոսվում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման անհրաժեշտության մասին: «Հետաքննության մեխանիզմի հիմնական նպատակը կայանում է հենց նրանում, որ երբ տեղի է ունեցել միջադեպ, եղել է կրակոց, դիվերսիոն ներթափանցման փորձ, այդ ամենը պետք է հետաքննվի և մատնանշվի կոնկրետ պատասխանատուն: Այն, որ այս հարցն անը նդհատ տորպեդահարում է Ադրբեջանը, արդեն պարզ է դարձնում, թե իրականում որ կողմն է խախտում հրադադարը»,– ասաց Քոչարյանը:

Դիտարկմանը, թե միջնորդները չեն դատապարտում նաև Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության ռազմատենչ հռետորաբանությունը, ՀՀ ԱԳ փոխնախարարը հստակեցրեց, որ միջնորդները երբեք հակամարտող կողմերից որևէ մեկին երբեք չեն դատապարտել: Նրա խոսքով՝ միջնորդներն ունեն երկու առաքելություն. «Առաջինը նրանք պետք է իրենց առաջարկներով, իրենց միջնորդությամբ նպաստեն, որպեսզի կողմերը գան համաձայնության: Կա նաև նրանց երկրորդ առաքելությունը, որը ներկա պահին առաջին պլան է մղվել: Միջնորդների երկրորդ առաքելությունը կայանում է նրանում, որ չվերսկսվեն ռազմական գործողությունները»,- նշեց նա:

ՀՀ ԱԳ փոխնախարարը հավելեց նաև, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջնորդ երկրներ են հանդիսանում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ 5 երկրներից երեքը, ինչն աննախադեպ է: «Այդ մակարդակի միջնորդություն որևէ հակամարտության դեպքում չի եղել: Անվտանգության խորհրդի անդամ պետությունների պարտականությունն է հետևել, որպեսզի աշխարհի որևէ հատվածում չլինեն պատերազմներ, ռազմական գործողություններ,՝ հատկապես այն դեպքերում, երբ նրանք միջնորդ են հանդիսանում: Այսինքն, եթե նրանք միջնորդ են այս հակամարտության կարգավորման հարցում և տեղի են ունենում ռազմական գործողություններ, ապա դա անմիջական ապտակ է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին»,- եզրափակեց Շավարշ Քոչարյանը՝ հավելելով, որ հենց սա է պատճառը, որ ապրիլյան պատերազմից հետո միջնորդ երկրների կողմից մեծ ակտիվություն նկատվեց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում