Շավարշ Քոչարյանը ներկայացրեց Մադրիդյան սկզբունքների էությունը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների համար որպես հիմք հանդիսանում են Մադրիդյան սկզբունքները, որոնք չի ընդունել հակամարտող կողմերից մեկը. որևէ այլ փաստաթուղթ գոյություն չունի: Նոյեմբերի 23-ին կազմակերպված ասուլիս-հարցազրույցի ընթացքում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: «Այս պահին միակ փաստաթուղթը Մադրիդյան սկզբունքներն են, որը բանակցությունների համար որպես հիմք ընդունել են հակամարտող կողմերից երկուսը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Մադրիդյան սկզբունքները չի ընդունել որպես հիմք բանակցությունների համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Քոչարյանը:

Նա ընդգծեց, որ մնացածը, ինչ եղել է, բանակցային այս կամ այն փուլում եղել են որոշակի ձևափոխումներ, որոնց կողմերը չեն տվել համաձայնություն: «Հայտնին Կազանն է, որը, ըստ էության, նույն Մադրիդն է՝ մի փոքր ձևափոխած: Ի՞նչ էր այն ենթադրում: Մինչ այդ կողմերը ընդունել են միջնորդների առաջարկած մոտեցումը՝ որպես հիմք բանակցությունների համար: Ենթադրվում էր, որ Կազանում կողմերը ոչ թե որպես հիմք պետք է ընդունեն բանակցությունների համար, այլ հաստատեն: Եթե հաստատում են սկզբունքները, ապա դրանց հիման վրա հնարավոր է արդեն խոսել մեծ խաղաղության պայմանագ րի մշակման մասին, որովհետև սկզբունքներն արդեն հաստատված են: Ի՞նչ կլիներ, եթե Կազանում Ադրբեջանը չտապալեր գործընթացը: Դրանից հետո արդեն Լեռնային Ղարաբաղը պետք է ասեր՝ ընդունում է, թե՞ ոչ: Եթե ընդունեին, ապա երեք կողմերը միասին պետք է աշխատեին այդ խաղաղության վրա: Եթե Ղարաբաղը ոչ ասեր, գործընթացը կրկին կանգնելու էր: Այսօր կա մեկ փաստաթուղթ, և դա Մադրիդն է: Ընթացքում տարբեր բանակցված փաստաթղթեր եղել են, սակայն որևէ մեկն արդյունքի չի հասել»,- ասաց փոխնախարարը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե Ադրբեջանում շատ են խոսում հակամարտության փուլային կարգավորման մասին, ինչը ենթադրում է նաև տարածքային զիջումներ ու ինչի մասին խոսել է նաև ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ Շավարշ Քոչարյանը ներկայացրեց, թե համանախագահները ինչ են առաջարկել Մադրիդյան սկզբունքներով: «Երբ առաջարկվեց Մադրիդը, համանախագահներն այն ժամանակ բացահայտ ասում էին՝ կողմերի միջև կան իրարամերժ մոտեցումներ, քանի որ հայկական կողմերն ասում են ինքնորոշում, ադրբեջանական կողմն էլ խոսում է իր տարածքային ամբողջականության մասին: Թվ ում է, որ այդ երկու մոտեցումներն անհնար է համատեղել: Նրանք ասում էին, որ գտել են այդ համատեղումը, որը համահունչ է նաև միջազգային իրավունքին: Նրանք այսպես էին ներկայացնում Մադրիդի էությունը: Նրանք ասում էին, այո, ինքնորոշում, բայց միայն Ղարաբաղի տարածքով՝ գումարած հուսալի ցամաքային կապ Հայաստանի և Ղարաբաղի միջև: Ադրբեջանին էլ ասում էին, այո, տարածքային ամբողջականություն, բայց առանց Ղարաբաղի և ցամաքային կապի: Սա է այն բանալին, որն առաջարկել են միջնորդները»,- մանրամասնեց ՀՀ ԱԳ փոխնախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում