Ֆրանսուա Ռոշբլուանը տրամաբանական զարգացում է համարում ԼՂՀ-ն Արցախ անվանակոչելը

Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանն անդրադարձել է սահմանադրական բարեփոխումների շրջանակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն Արցախ անվանակոչելու հնարավորությանը: «Սեփական բնակիչների կողմից տրվող մշտական անունով վերակոչվելը տրամաբանական զարգացումն է այդ պետության համար, որը մինչ այժմ հայտնի է ժամանակին բռնազավթողների կողմից նրան տրված օտարալեզու իր անվանումով: Անկ ախությունները այս կերպ են ամբողջացվում, երբ քաղաքականապես հասուն քաղաքացիները ժողովրդավարորեն ընտրում են սեփական երկրի անվանումը», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, France-karabagh.fr կայքում մեկնաբանել է Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը՝ հավելելով, որ «եթե որոշումն ընդունվի, դրանով իսկ Լեռնային Ղարաբաղը կհետևի Բուրկինա Ֆասո անվանակոչված Վերին Վոլտայի կամ Մյանմա անվանակոչված Բիրմայի օրինակներին»:

France-karabagh.fr-ն հիշեցրել է, որ նոյեմբերի 7-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի նախագահը հայտարարել է իր երկիրը՝ պատմական Արցախ անունով վերանվանվանելու հնարավորության մասին, ինչը, հնարավոր է, տեղի ունենա ընթացիկ սահմանադրական բարեփոխումների կապակցությամբ, որոնք հիմնականում առնչվում են հիմնարար ազատությունների եւ քաղաքացիական իրավունքների դրույթներին:

«Եթե ​​բարեփոխումը հասնի իր ավարտին, երկիրը կազատվի իր կրկնակի անվանումից՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն-Արցախ»-ից և կկոչվի միայն «Արցախի Հանրապետություն»»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է կայքը:

Սահմանադրական բարեփոխումների փաթեթը հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով ներկայացված է Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի կայքէջում: Քննարկումներից եւ սահմանադրական հնարավոր բարեփոխումներից հետո այն կդրվի հանրաքվեի:

«Սահմանադրական բարեփոխումների ընդունման դեպքում Բարեկամության խումբը կհետեւի Արցախի ժողովրդի ինքնիշխան որոշմանը եւ մենք կդառնանք Ֆրանսիա-Արցախ բարեկամության խումբ», – նշել է Ֆրանսուա Ռոշբլուանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում